ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Պատմական ակնարկ


Հայաստանը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում։ Պատմական անցյալում և մեր ժամանակներում ուժեղ երկրաշարժները մեկ անգամ չէ, որ ավերակների են վերածել շեն ու բարգավաճ քաղաքներն ու գյուղերը` պատճառ դառնալով մեծաքանակ մարդկային զոհերի, հսկայական նյութական ու տնտեսական վնասի: Հայաստանի Հանրապետության և հարակից տարածքներում հայտնի են 8-ից 10 բալ ուժգնությամբ պատմական երկրաշարժներ՝

  • 1․735 թ., Վայոց Ձորի, մագնիտուդը՝ 7.1,
  • 2․893 թ., Դվինի, մագնիտուդը՝ 7.1,
  • 3․1064 թ., Անի, մագնիտուդը՝ 7.1,
  • 4․1131 թ., Անի, մագնիտուդը՝ 6.2,
  • 5․1319 թ., Անի, մագնիտուդը՝ 6.1,
  • 6․1406 թ., Սյունիքի, մագնիտուդը՝ 7.1,
  • 7․1679 թ., Գառնի, մագնիտուդը՝ 7.1,
  • 8․1827 թ., Ծաղկաձոր, մագնիտուդը՝ 6.6,
  • 9․1840 թ., Արարատ, մագնիտուդը՝ 7.5։

Հայաստանում սեյսմիկությունն ունի բարդ պատկեր, ինչը պայմանավորված է բազմաթիվ ակտիվ բեկվածքների և բլոկերի առկայությամբ: Գտնվելով Արաբական և Եվրասիական տեկտոնական սալերի բախման գոտում` Հայաստանում անընդհատ տեղի է ունենում տեկտոնական լարումների կուտակում և լիցքաթափում: Միայն 20-րդ և 21-րդ դարերում Հայաստանում գրանցվել է 47 և ավելի մագնիտուդով 8 երկրաշարժներ՝ 


1․ 1926 թ., Գյումրի, մագնիտուդը՝ 6.2, ուժգնությունը՝ 8-9 բալ,

2․1931 թ., Զանգեզուր, մագնիտուդը՝ 6.6, ուժգնությունը՝ 8-9 բալ,

3․1968 թ., Զանգեզուր, մագնիտուդը՝ 4.9, ուժգնությունը՝ 6-7 բալ,

4․1988 թ., Սպիտակ, մագնիտուդը՝ 6.9, ուժգնությունը՝ 9-10 բալ, 

5․1992 թ., Գավառ, մագնիտուդը՝ 5.0, ուժգնությունը՝ 6-7 բալ, 

6․2021 թ., Շորժա, մագնիտուդը՝ 4.8, ուժգնությունը՝ 6-7 բալ, 

7․2021 թ., Երևան, մագնիտուդը՝ 4.7, ուժգնությունը՝ 6-7 բալ,

8․ 2022 թ., Բավրա, մագնիտուդը՝ 5.4, ուժգնությունը՝ 7 բալ։ 

Սպիտակի ավերիչ երկրաշարժից զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, իսկ պատճառված վնասը կազմեց մոտ 12 միլիարդ ԱՄՆ դոլար: Երկրաշարժն ընդգրկեց ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը, որտեղ ապրում էր մոտ 1 մլն մարդ: Բազմաթիվ հայ և արտասահմանցի մասնագետների կողմից մանրամասն ու բազմակողմանի ուսումնասիրվեց Սպիտակի երկրաշարժը՝ որպես երկրաբանական երևույթ, գնահատվեցին նրա ծանր հետևանքները և դրանց հիմնական պատճառները, հավաքվեցին ծավալուն վիճակագրական տվյալներ երկրաշարժի ուժգնության դրսևորման, շինությունների ավերման, մարդկային կորուստների, փրկարարական ուժերի քանակի, աղետի գոտու վերականգնման ու վերակառուցման վերաբերյալ:

 

Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը վերհանեց Հայաստանի բնակչության և տարածքների սեյսմիկ անվտանգության ոլորտում առկա սխալներն ու բացթողումները, մեր երկրում երկրաշարժից խոցելիության բարձր մակարդակը: Այն պայմանավորված էր սեյսմիկ վտանգի սխալ գնահատմամբ, քաղաքաշինական նորմերի ոչ պատշաճ կիրառմամբ, սոցիալական, տնտեսական, բնապահպանական և այլ գործոններով, որոնք կտրուկ մեծացնում են սեյսմիկ ռիսկը: Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ պետությունը և բնակչությունն անպատրաստ էին դիմագրավելու ուժեղ երկրաշարժին, և որ Հայաստանի բնակչության պաշտպանության հիմնախնդիրը եղել և մնում է ազգային անվտանգության հիմնական գերակայություններից մեկը:

 

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը և առաջացած խնդիրները՝ Սպիտակի երկրաշարժից հետո՝ 1991 թվականին, ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը»՝ ՍՊԱԾ-ը: Հիմք դրվեց ՀՀ սեյսմիկ անվտանգության արդյունավետ համակարգի կայացմանը:

 

ՍՊԱԾ-ը կարճ ժամանակահատվածում ինտեգրվեց գրեթե բոլոր առաջատար միջազգային կառույցներում, կնքվեցին սեյսմիկ պաշտպանության ոլորտին առնչվող միջազգային համաձայնագրեր: ՍՊԱԾ-ը ճանաչվեց ոլորտի առաջատար Անատոլիա-Կովկաս-Իրան տարածաշրջանում, արժանացավ ՄԱԿ-ի աղետների դեմ պայքարի Սասակավայի «Վտանգի նվազեցման և աղետների կանխման գործում ակնառու ներդրման համար» հատուկ մրցանակի՝ ճանաչվելով Եվրոպայում առաջինը և աշխարհում երկրորդը: 1998թ. հոկտեմբերի 4-ին Ժնևի Ազգերի պալատում մրցանակը հանձնվեց ՍՊԱԾ-ին:

 

1999 թվականին ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» և «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» որոշումները: 2002 թվականին Հայաստանն ԱՊՀ երկրներից առաջինն էր, որ ընդունեց սեյսմիկ պաշտպանության մասին օրենք: Սկսած 2010 թվականից՝ առավել խթանվեց սեյսմիկ պաշտպանության ոլորտի զարգացումը: Մասնավորապես՝ ընդունվեցին կարևորագույն իրավական ակտեր։ 2010 թվականի օգոստոսին ստորագրվեց ՀՀ նախագահի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» կարգադրությունը, իսկ նույն թվականի դեկտեմբերին կառավարությունն ընդունեց այդ հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագիրը:

 

Ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո աղետների ռիսկի կառավարմանն ուղղված աշխատանքները բարձրացվեցին ռազմավարական մակարդակի՝ նպատակ ունենալով ներդաշնակեցնել ոլորտի այլ դերակատարների հետ իրականացվող աշխատանքները 2023 թվականի հոկտեմբերին Կառավարության կողմից հաստատվեց Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը, որը թիրախավորել է աղետների ռիսկի կառավարման համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավումը, համակարգի թվայնացումը և տեխնոլոգիական արդիականացումը, մարդկային ռեսուրսների զարգացումը և անվտանգության մշակույթի ամրապնդումը։ Վերջին բաղադրիչի կենսագործման հարցում հիմնական շեշտադրումը բնակչությանն աղետներից պաշտպանվելու վարքականոնների ուսուցումը և իրազեկվածության մակարդակի բարձրացումն է, որը Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է և ակտիվորեն կենսագործվում է։

Նշված համալիր գործողությունների վերջնանպատակը ենթագիտակցական մակարդակում աղետներին դիմակայելուն պատրաստ հասարակության ձևավորումն է և հնարավոր արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքող պետական ինստիտուտների կայացումը։