ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Կանոնադրություն

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ (նախկին անվանումը` «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն), (այսուհետ` Կազմակերպություն) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 534-Ն որոշման համաձայն:
  2. Կազմակերպությունը հանդիսանում է ՀՀ Կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության «Կենտրոնական բաժանմունք» պետական հիմնարկի (հաշվառված` 13.10.1999թ., հաշվառման համար` 271.0098, վկայական` Բ 004715,), «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» (գրանցման համար` 29.210.02014, ՀՎՀՀ 05501723) և «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» (գրանցման համար` 27.210.01161, ՀՎՀՀ 09409381) պետական ոչ առևտրային կազմակերպություների իրավահաջորդը` փոխանցման ակտերի համապատասխան: Միացման ձևով վերակազմակերպումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի N 672-Ն որոշման համաձայն:
  3. Կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպություների մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքների սույն կանոնադրության և այլ իրավական ակտերի հիման վրա և դրանցում նախատեսված կարգով ու սահմանված հիմքերով ձեռք է բերում ու իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:
  4. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
  5. Կազմակերպության լիազոր պետական մարմինն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):
  6. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ծախսերի ու եկամուտների նախահաշիվ, բանկային հաշիվ:
  7. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն անվանումներով կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, ինչպես նաև կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
  8. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  9. Կազմակերպության անվանումն է`
    1. հայերեն լրիվ` «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
    2. հայերեն կրճատ` «ՍՊՏԾ» ՊՈԱԿ.
    3. ռուսերեն լրիվ` ”Региональная служба сейсмической защиты” Государственная некоммерческая организация.
    4. ռուսերեն կրճատ` ”РССЗ” ГНКО.
    5. անգլերեն լրիվ` ’’Regional Survey for Seismic Protection’’ State Non Commercial Organization.
    6. անգլերեն կրճատ` ’’RSSP’’ SNCO:
  10. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/1:

2.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  1. Կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակն է` պետության և հասարակության սեյսմիկ անվտանգության ապահովմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացումը:
  2. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
    1. սեյսմիկ վտանգի և ռիսկի մոնիթորինգի իրականացումը.
    2. տարածքների սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված այլ երկրորդային վտանգների գնահատումը.
    3. հարուցված սեյսմիկության մակարդակի գնահատումը.
    4. սեյսմիկ ռիսկի գնահատումը.
    5. հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների խոցելիության գնահատումը.
    6. սեյսմիկ ռիսկի նվազեցումը.
    7. սեյսմիկ պաշտպանության ոլորտում, բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացումը.
    8. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը սեյսմիկ ռիսկի կառավարմանը:
  3. Կազմակերպությունն իր նպատակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
    1. սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման աշխատանքներին մասնակցությունը․
    2. սեյսմիկ պաշտպանության բնագավառի իրավական կարգավորման և զարգացման աշխատանքներին մասնակցությունը․
    3. իր գործունեության ոլորտում օտարերկրյա պետությունների համապատասխան ծառայությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումը․
    4. Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմոշրջանացման, նրա խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման և սեյսմիկ ռիսկի քարտեզները լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելը․
    5. իր իրավասության սահմաններում սեյսմակայուն շինարարության նորմերի մշակմանը մասնակցությունը․
    6. սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով իր իրավասության սահմաններում քաղաքաշինության, բնակչության տարաբնակեցման, հանրապետության տնտեսության ճյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերի մշակմանը մասնակցությունը.
    7. ուժեղ երկրաշարժի դեպքում հատուկ և կարևորագույն նշանակության oբյեկտների աշխատանքների անվտանգ դադարեցման տեխնիկական ու կազմակերպչական լուծումների մշակմանն ու ներդրմանը մասնակցությունը.
    8. սպասվող կամ տեղի ունեցած երկրաշարժի գոտում մասնագիտացված հետազոտությունների իրականացման կազմակերպումը.
    9. Հայաստանի Հանրապետության և սահմանակից պետությունների տարածքներում երկրաշարժերի ու սեյսմիկ վտանգի մասին սահմանված կարգով նախարարին ընթացիկ տեղեկության հաղորդումը.
    10. Հայաստանի Հանրապետության տարածքում ու նրանից վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի սպառնալիքի վերաբերյալ նախարարին հաղորդումը.
    11. ընթացիկ սեյսմիկ իրավիճակի և բնակչության վարքի կանոնների մասին սահմանված կարգով մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով բնակչությանը պարբերաբար տեղեկացումը.
    12. սեյսմիկ պաշտպանության բնագավառում գիտահետազոտական ծրագրերի մշակման և դրանց արդյունքների ներդրման գործընթացին մասնակցությունը.
    13. սեյսմիկ պաշտպանության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը.
    14. սեյսմիկ պաշտպանության բնագավառում գիտական հիմնավորված մեթոդների մշակման ու կիրառման ապահովումը.
    15. սեյսմիկ դիտարկումների ազգային ցանցի զարգացման և կատարելագործման աշխատանքների ապահովումը.
    16. սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման նպա¬տակով տվյալների բազայի ստեղծման ու դրա զարգացման աշխատանքների իրականացումը.
    17. երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքներին մասնակ-ցությունը.
    18. հատուկ, կարևորագույն նշանակության oբյեկտների խոցելիության գնահատ¬մանը մաս¬նակցությունը.
    19. վաղ ահազանգման համակարգի ստեղծմանը մասնակցությունը:
  4. Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակներն են՝
    1. սեյսմիկ շրջանացման (ընդհանուր սեյսմոշրջանացում, մանրամասն սեյսմոշրջանացում և սեյսմոմիկրոշրջանացում) աշխատանքներ․
    2. սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքներ․
    3. հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների խոցելիության գնահատում.
    4. շինարարական կոնստրուկցիաների, նյութերի ու մոդելների լաբորատոր փորձարկումներ` շենքերի և շինությունների սեյսմակայունության ապահովման նպատակով.
    5. նորագույն տեխնոլոգիաներով շենքերի սեյսմակայունության բարձրացման նախագծերի մշակում.
    6. տիպային բնակելի շենքերի մոնիթորինգի իրականացում` սեյսմաչափիչ կայանների կիրառմամբ.
    7. դաշտային երկրաբանա-երկրաֆիզիկական հետազոտական գործունեություն.
    8. բնակչության տարբեր շերտերի սեյսմիկ պաշտպանության հիմնադրույթների ուսուցումը:

3․ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

  1. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը և գործադիր մարմինը:
  2. Հիմնադիրն ունի Կազմակերպության գործունեությանն ու կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  3. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
    1. Կազմակերպության հիմնադրումը.
    2. Կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
    3. Կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
    4. օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
  4. Նախարարությունն իրականացնում է Կազմակեպության ընդհանուր կառավարումը, ապահավում նրա բնականոն գործունեությունը և օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար։
  5. Լիազոր պետական մարմնի լիազորություններն են`
    1. Կազմակերպության սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
    2. Կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.
    3. Կազմակերպության կանոնադրության հաստատումը և կանոնադրության մեջ փոփոխությունների կատարումը.
    4. Կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը
    5. Կազմակերպության տնoրենի պաշտոնի նշանակումը և ազատումը.
    6. Կազմակերպության հաստիքացուցակի, պահպանման տարեկան ծախսերի նախահաշվի հաստատումը, տնoրենի վարձատրության, ինչպես նաև Կազմակերպության շահույթի հաշվին աշխատողների լրացուցիչ վարձատրության (հավելավճար, պարգևատրում և այլն) չափերը և պայմանները որոշելը.
    7. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
    8. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի և Կազմակերպության տնoրենի՝ Հայաստանի Հանրապետության oրենսդրության պահանջներին հակասող որոշումները, հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.
    9. Կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
    10. Կազմակերպությանն ամրացված պետական սեփականության oգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
    11. Կազմակերպության գույքի oտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը.
    12. Կազմակերպության տարեկան աշխատանքային պլանների և հաշվետվությունների (մասնագիտական և ֆինանսական) հաստատումը.
    13. Օրենքով և հիմնադրի որոշումներով նախատեսված այլ գործառույթների իրականացումը:
    14. Իրականացնում է օրենսդրությամբ չհակասող և Կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ։
  6. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) իր գործունեության ընթացքում իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով և սույն կանոնադրությամբ նախատեսված լիազորություններ:
  7. Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից, որոնցից`
    1. մեկը Կազմակերպության կոլեկտիվի անդամ է, որին ընտրում է Կազմակերպության կոլեկտիվի ընդհանուր ժողովը.
    2. երեքը լիազորված պետական մարմնի համակարգի ծառայողներ են.
    3. մեկը գիտական հաստատությունների ներկայացուցիչ է, որին, համաձայնությամբ նշանակում է լիազոր մարմինը:
  8. Խորհրդի կազմը հաստատում է լիազորված պետական մարմինը` երեք տարի ժամկետով:
  9. Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամներից:
  10. Խորհրդի իրավասություններն են`
    1. լիազոր մարմին` Կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
    2. լիազոր մարմնի տնoրենի նշանակման, նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրի հաստատման, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, վարձատրության կարգի և պայմանների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
    3. Կազմակերպության տնoրենի նկատմամբ ընթացիկ վերահսկողության իրականացումը.
    4. հիմնադրի կողմից սահմանված կարգով Կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.
    5. Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.
    6. Խորհրդի նախագահի ընտրությունը, իր աշխատակարգի հաստատումը.
    7. լիազոր մարմնին Կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
    8. տնoրենի հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը.
    9. Կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը հաստատելը.
    10. Կազմակերպության կառուցվածքին, ինչպես նաև Կազմակերպության ստորաբաժանումների կանոնադրություններին համաձայնություն տալը:
  11. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
    1. իր դիմումի համաձայն.
    2. ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.
    3. օրենքով սահմանված այլ դեպքերում:
  12. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է՝ պահպանելով սույն կանոնադրության 19-րդ կետով սահմանված համամասնությունները:
  13. Խորհրդի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ:
  14. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն չորս անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի 3 անդամի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են Խորհրդի 2 անդամի, լիազորած պետական մարմնի և (կամ) գործադիր մարմնի առաջարկությամբ:
  15. Խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևում է Խորհրդի նախագահը:

4.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

  1. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմինը տնօրենն է, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազոր պետական մարմինը:
    Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

  2. Կազմակերպության տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:
  3. Կազմակերպության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:
  4. Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով Կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Կազմակերպության տնօրենի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունը չկատարելու համար:
  5. Կազմակերպության տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազոր պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
  6. Կազմակերպության տնօրենի պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրան նշանակած մարմնի գրավոր որոշմամբ այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:
  7. Կազմակերպության տնօրենը`
    1. առանց լիազորագրի հանդես է գալիս Կազմակերպության անունից, ներկայացնում դրա շահերը և կնքում գործարքներ.
    2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
    3. տալիս է Կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
    4. աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է Կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
    5. բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ, այդ թվում` արտարժութային.
    6. կատարում է աշխատանքների բաշխումն իր տեղակալների միջև.
    7. նախքան հաստատելը` խորհրդի համաձայնեցմանն է ներկայացնում Կազմակերպության կառուցվածքը.
    8. սահմանում է Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները` համաձայնեցնելով խորհրդի հետ.
    9. հաստատում է Կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները համաձայնեցնելով խորհրդի հետ.
    10. նշանակում է Կազմակերպության տնօրենի տեղակալին (տեղակալներին), հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարներին, նրանց տալիս համապատասխան լիազորություններ.
    11. օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
    12. կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի շրջանակներում, լիազոր մարմնի միջոցով ապահովում է երկկողմ և բազմակողմ համագործակցություն հանրապետության ու օտարերկրյա կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ (կադրերի պատրաստում ու վերապատրաստում, փորձի փոխանակման նպատակով մասնագետների փոխայցելություններ, գիտական խորհրդակցությունների կազմակերպում ու դրանց մասնակցություն և այլն).
    13. պետության անունից՝ օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով վարձակալության է հանձնում Կազմակերպության ամրացված գույքը.
    14. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:
  8. Կազմակերպության տնօրենը գիտության ու տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննարկելու և համակարգում գիտականորեն հիմնավորված միասնական գիտատեխնիկական քաղաքականություն իրականացնելուն վերաբերող հանձնարարականներ մշակելու նպատակով կազմավորում է գիտատեխնիկական խորհուրդ` խորհրդակցական մարմնի կարգավիճակով:
    Գիտատեխնիկական խորհրդի կազմում ընդգրկվում են սեյսմոլոգիայի, երկրաֆիզիկայի, երկրաբանության, ռիսկերի կառավարման բնագավառներում ճանաչում ունեցող գիտնականներ ու առաջատար մասնագետներ, ինչպես նաև Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Գիտատեխնիկական խորհուրդը ղեկավարում է Կազմակերպության տնօրենը:
  9. Գիտատեխնիկական խորհուրդը`
      Գիտատեխնիկական խորհուրդն իր լիազորության սահմաններում քննարկում և առաջարկություններ է ներկայացնում`
    1. Կազմակերպության կանոնադրության վերաբերյալ.
    2. Կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների, համալիր ծրագրերի, առաջադրված խնդիրների իրականացման ձևերի ու միջոցների վերաբերյալ.
    3. պլանների և ծրագրերի վերաբերյալ` ելնելով Կազմակերպության հիմնական խնդիրներից և նպատակներից.
    4. առաջավոր փորձի տարածման միջազգային համագործակցության զարգացման վերաբերյալ.
    5. աշխատողների որակավորման բարձրացման, այդ թվում՝ գիտական աստիճան հայցողների թեմաների հաստատման, ատենախոսությունների քննարկման ու պաշտպանության ներկայացման և խրախուսման վերաբերյալ.
    6. նոր դիտակայանների, ժամանակավոր դիտակետերի բացման, անարդյունավետ դիտակայանների փակման և դիտարկումների ցանցի արդիականացման, օպտիմալացման վերաբերյալ։

5.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Կազմակերպության գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը սեփականության իրավունքով Կազմակերպությանն է հատկացնում անհրաժեշտ գույք` սարքեր, սարքավորումներ, մեքենաներ, գործիքներ և գույքի այլ տեսակներ:
  2. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է դրա հիմնադրման ժամանակ հիմնադրի կողմից Կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքից, որը հետագայում կարող է համալրվել Կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքով, ինչպես նաև հիմնադրի կողմից սեփականության իրավունքով Կազմակերպությանը հանձնվող գույքով:
  3. Կազմակերպությունը իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
  4. Հիմնադիրը սեփականության իրավունքով Կազմակերպությանը պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ՝ բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
  5. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է Կազմակերպությունը:
  6. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում՝ միայն դատական կարգով:
  7. Կազմակերպության սեփականության ձևավորման աղբյուրներն են`
    1. Կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնված գույքը.
    2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սահմանված կարգով հատկացվող սուբսիդիաները.
    3. Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական ու նպատակային, ինչպես նաև կտակված գույքը.
    4. ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները:
  8. Հիմնադրի կողմից Կազմակերպությանը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:
  9. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից Կազմակերպությանը ամրացված գույքը:
  10. Կազմակերպությունը իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
    Կազմակերպությունը իրավունք ունի պետության անունից՝ օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու իրեն ամրացված գույքը: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում Կազմակերպության ստացած եկամուտները նրա սեփականությունն են: Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
  11. Հիմնադրի կողմից գույքը Կազմակերպությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
  12. Կազմակերպությունը ֆինանսավորվում է`
    1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
    2. միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցներից.
    3. ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից.
    4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:

    Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման չափերի նվազեցմանը:

  13. Կազմակերպության եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:
  14. Կազմակերպության տարեկան ծախսերը պլանավորվում և իրականացվում են հետևյալ ուղղություններով`
    1. Կազմակերպության ընթացիկ ծախսեր.
    2. Կազմակերպության պահպանման ծախսեր:
  15. Կազմակերպության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ հիմնադրի կողմից ընտրված անկախ աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
  16. Կազմակերպության հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար օրենքով նախատեսված կարգով և չափով:
  17. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է օրենքով նախատեսված` իր կանոնադրական նպատակներին համապատասխան հետևյալ ուղղություններով`
    1. աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի, սարքավորումների և նյութերի ձեռքբերումով.
    2. աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների և նյութական օգնությունների միջոցով.
    3. սեյսմիկ ռիսկերի նվազեցումով.
    4. Կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերումով.
    5. օրենքով նախատեսված այլ ուղղություններով:

6․ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

  1. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
  2. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել և լուծարվել՝ միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
  3. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
  4. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
  5. Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: