Հայ սեյսմոլոգը մասնակցել է միջազգային վերապատրաստման դասընթացի
Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) հրավերով՝ նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 6-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության սեյսմոլոգիայի բաժնի պետ Լևոն Մարտիրոսյանը գործուղվել է Ավստրիայի Վիեննա քաղաք՝ մասնակցելու տվյալների ազգային կենտրոնների առաջավոր ալիքային վերլուծաբանների համար նախատեսված «NDC Waveform Advanced Analyst Course including SeisComP» խորագրով բարձր մակարդակի վերապատրաստման դասընթացին։
Դասընթացի նպատակն էր բարձրացնել մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները` IMS սեյսմիկ տվյալների, IDC արտադրանքների, ալիքային պատկերների մշակման, ավտոմատ և ձեռքով վերլուծության, ինչպես նաև SeisComP և Geotool համակարգերի կիրառման ուղղությամբ։
Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնական գործունեությունը, սեյսմիկ տվյալների ստացման ու մշակման գործընթացը, ինչպես նաև սեյսմիկ մոնիթորինգի ոլորտում Հայաստանի բազմամյա փորձը։
Դասընթացի ընթացքում քննարկվել են IMS տվյալների կիրառման առանձնահատկությունները, IDC արտադրանքների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև սեյսմիկ ալիքային տվյալների վերլուծության տարբեր մոտեցումները։ Դիտարկվել են բնական և տեխնածին իրադարձությունների տարբերակման մեթոդները, ազդանշանների ճանաչման և վերլուծության գործիքները, ինչպես նաև ավտոմատ և ձեռքով մշակման համադրության առավելությունները։
Բացի այդ՝ խոսվել է SeisComP, Geotool, ARS և DTK ծրագրային ապահովումների գործնական կիրառման հնարավորությունների և աշխատանքային գործընթացներին դրանց ինտեգրման մասին։ Ներկայացվել են տվյալների որակի ապահովման մեթոդները, միջազգային տվյալների փոխանակման առանձնահատկությունները և IMS կայանների արդյունավետ շահագործման հետ կապված հարցերը։
Լևոն Մարտիրոսյանի խոսքով՝ դասընթացից ստացված տեսական ու գործնական գիտելիքը հնարավորություն կտա բարձրացնելու սեյսմիկ տվյալների վերլուծության արդյունավետությունը, կատարելագործելու SeisComP և NET-VISA վերլուծության համակարգերը, ինչպես նաև օպտիմալացնելու տվյալների բազաների, ներբեռնման և վերլուծության գործիքակազմի աշխատանքը։
ՊԱՏՐԱՍՏԵՑ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ