ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեյսմապաշտպանության թեմայով նոր ուղեցույցը կներդրվի դպրոցներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով՝ գործածության է երաշխավորվել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից մշակված «Սեյսմապաշտպանության առանձնահատկությունները ուսումնական հաստատություններում. մատչելի և ներառական մոտեցումներ» ուղեցույցը՝ սովորողների, մանկավարժների և ծնողների համար: Գրքի հեղինակներն են Հ․ Ադամյանը, Օ․ Գրիգորյանը, Ս․Կակոյանը, Լ․Մարգարյանը և Լ․Ստեփանյանը։

Ուղեցույցի հիմնական նպատակն է՝

📍Ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցների համար ձևավորել սեյսմիկ անվտանգության վերաբերյալ հիմնարար գիտելիքներ, գործնական հմտություններ և հոգեբանական պատրաստվածություն։

📍Ապահովել բոլոր սովորողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿ) ունեցող երեխաների լիարժեք պաշտպանությունն ու մատչելի տեղեկատվության ստացումը, որպեսզի ոչ մի երեխա ուշադրությունից դուրս չմնա։

📍Ուսուցիչներին տրամադրել հստակ մեթոդաբանություն և գործնական հմտություններ՝ երկրաշարժի թեմայով ուսուցման և տարահանման գործընթացների կազմակերպման, արտակարգ իրավիճակներում հոգեբանական կայունություն պահպանման և փոխանցման համար։

📍Նպաստել սեյսմիկ իրադարձության կոնտեքստում սովորողների ինքնակազմակերպման, պատասխանատու քաղաքացիական վարքագծի, հաղորդակցման ու համագործակցային կարողությունների ձևավորմանը։

Ուղեցույցը բաղկացած է երեք մասից, որոնցում մանրամասն ներկայացված են երկրաշարժի ծագումնաբանությունը, սեյսմապաշտպանության վարքականոնները, գործնական վարժություններ և խաղեր՝ ըստ տարիքային խմբերի։

Ուղեցույցում տեղ են գտել նաև ԿԱՊԿՈւ սովորողների համար հատուկ ներառական գործիքներ և հավելվածներ ՝ արտակարգ իրավիճակներում անվտանգ վարքագիծ, հաղորդակցում և հոգեբանական պատրաստվածություն ուսուցանելու համար, երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների պաստառ, երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները ցուցադրող իլյուստրացիաներ և այլն։

Դպրոցներում ուղեցույցի գործնական կիրառության աշխատանքներին դեռ կանդրադառնանք։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ