ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Վերապատրաստում՝ ինֆրաձայնային տվյալների վերլուծության թեմայով

Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության՝ CTBTO-ի հրավերով՝ հոկտեմբերի 11-17-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության սեյսմոլոգիայի առաջատար մասնագետ Հովհաննես Մաթևոսյանը գործուղվել է Ավստրիայի Վիեննա քաղաք։ Այցի նպատակն էր մասնակցել «NDC Capacity Building: NDC Infrasound Data Analysis Training» խորագրով ազգային տվյալների կենտրոնների ինֆրաձայնային տվյալների վերլուծության դասընթացին՝ մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։

Դասընթացի շրջանակում ներկայացվել և ուսումնասիրվել են՝

📍IMS ինֆրաձայնային տվյալների ստացումն ու IDC արտադրանքների օգտագործումը,

📍 Ինֆրաձայնային տեխնոլոգիաների, ինֆրաձայնի աղբյուրների և մթնոլորտում տարածման առանձնահատկությունները,

📍 Սեյսմաակուստիկ աղբյուրների և դրանց առաջացրած ազդանշանների վերլուծությունը,

📍IMS տվյալների հավաքագրման, մշակման և պահպանման համար նախատեսված ծրագրային փաթեթները,

📍Ինֆրաձայնային իրադարձությունների հայտնաբերման, նույնականացման և գնահատման աշխատանքները և այլն։

Հայ մասնագետը ներկայացրել է ՍՊՏԾ գործունեությունը, սեյսմիկ տվյալների ստացման և մշակման գործընթացները։ «Դասընթացի արդյունքում ստացված գիտելիքն ու գործնական հմտությունները նախատեսում եմ կիրառել ծառայությունում՝ առաջիկայում Հայաստանում առաջին ինֆրաձայնային կայանի տեղադրման և հետագա շահագործման նախապատրաստական աշխատանքների ժամանակ»,- նշել է Հովհաննես Մաթևոսյանը։

Ձեռք բերված փորձառության շնորհիվ կբարձրանա մասնագետների պատրաստվածության մակարդակն ինֆրաձայնային կայանի շահագործման, ինչպես նաև տվյալների մշակման ու վերլուծության աշխատանքների արդյունավետ կազմակերպման մասով։


ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ CTBTO ֆեյսբուքյան էջից