ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Դիպլոմային աշխատանք՝ Հայաստանում սեյսմիկ մոնիթորինգի թեմայով

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը տարիներ շարունակ ակտիվորեն աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։ Ավարտական կուրսերի ուսանողները հնարավորություն ունեն ոչ միայն արտադրական պրակտիկա անցնել ծառայությունում, այլև իրենց գիտական աշխատանքները մշակել սեյսմիկ պաշտպանության ոլորտի փորձառու մասնագետների օգնությամբ։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի չորրորդ կուրսի ուսանողուհի Նանե Գասպարյանը վերջերս ճանաչողական այցով Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում էր։ Ապագա ճարտարապետը շրջել է թունելախորշում, տվյալների հավաքման և օպերատիվ մշակման կենտրոնում, ծանոթացել սեյսմիկ մոնիթորինգի աշխատանքին։ Սեյսմաերկրաքիմիական անալիտիկ լաբորատորիայում ուսանողուհուն ներկայացրել են հորատանցքերից ջրի նմուշառման և քիմիական գործընթացների ուսումնասիրության առանձնահատկությունները։

Նանեի դիպլոմային աշխատանքի թեման Հայաստանում սեյսմիկ ուսումնասիրությունների համալիր կենտրոն ստեղծելու նախագիծն է։ Նրա տեսլականով՝ կենտրոնը ներառելու է սեյսմիկ մոնիթորինգի բաժին, լաբորատորիա, սիմուլյացիոն սենյակներ, փլատակների գոտի, պաշտոնական հանդիպումների համար նախատեսված ճեմասրահ, ցուցասրահ մանրակերտներով և քարտեզներով։ Թե որքանով է իր նախագիծն արդիական և իրատեսական, փորձել է ճշտել տարբեր մասնագետներից։ Հանդիպել է կառուցվածքների սեյսմակայունության վարչության աշխատակիցներին, ուղղել իրեն հուզող հարցերը, մասնավորապես՝ շենքի ամենօրյա շահագործման ընթացքում հանդիպող հիմնական ճարտարապետական և տեխնիկական խնդիրների, հատուկ նշանակության շենքերի կառուցվածքային և ինժեներական լուծումների, ինչպես նաև շենքի տեղակայման ընտրության վերաբերյալ։

«Գառնիի դիտարան այցս օգնեց պատկերացնել, թե ինչ տեսք պետք է ունենա սեյսմիկ հետազոտությունների կենտրոնը։ Այնքան բան սովորեցի, օրինակ, որ ջրի միջոցով հնարավոր է կանխատեսել երկրաշարժի հավանականությունը։ Այս ընթացքում ես հասկացա՝ ինչ կարևոր է հնարավորինս շատ մարդկանց ներգրավել սեյսմիկ պաշտպանության գործին։ Այն, ինչ տեսել եմ այցիս շրջանակում, անպայման ներառելու եմ աշխատանքիս մեջ»,- նշեց Նանեն։


ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ