ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Հայաստանում շենքերի սեյսմիկ ուժեղացման հեռանկարները՝ Ճապոնիայի օրինակով

Ասիական զարգացման բանկի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հրավերով՝ հոկտեմբերի 11-18-ը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Վարդան Հայրապետյանը գործուղվել է Ճապոնիայի Տոկիո քաղաք։ Այցի նպատակն էր ԱԶԲ-ի և ՀՀ-ի միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում ծանոթանալ սեյսմիկ աղետների կառավարման, ճարտարագիտության և քաղաքային կայուն զարգացման ոլորտում ճապոնական փորձին։

Քննարկվել են՝

📍 Ճապոնիայի աղետների ռիսկի նվազեցման քաղաքականությունը,

📍 շենքերի և դպրոցների սեյսմիկ ուժեղացումը,

📍 սեյսմիկ գնահատման ու վերազինման մեթոդները,

📍 դպրոցական և համայնքային պատրաստվածությունը,

📍 սողանքների ոլորտում հնարավոր համագործակցությունը։ Պատվիրակության համար կազմակերպվել է այց մի շարք կազմակերպություններ։

Իկեբուկուրոյի աղետների կառավարման կենտրոնում հայ մասնագետները ծանոթացել են Ճապոնիայում հրդեհներին արձագանքման գործընթացին, կրակմարիչների տեսակներին և կիրառությանը, ինչպես նաև գործնականում տարահանվել ծխապատ գոտուց՝ հետևելով տարահանման նշաններին։ Հատուկ հարթակի վրա մասնակիցներին ցուցադրվել են մինչև 9 մագնիտուդով երկրաշարժի սիմուլյացիոն տատանումները։

Կանազավայի ռեսուրսների տեսակավորման կենտրոնում ներկայացվել է մետաղական, պլաստիկ և ապակյա շշերի տեսակավորման ամբողջ գործընթացը։ Վարդան Հայրապետյանի խոսքով՝ հետաքրքական էր այն, որ բնակելի թաղամասերից հավաքվող շշերը հիմնականում տեսակավորում են հենց իրենք՝ բնակիչները, իսկ կենտրոնը վերահսկում է քաղաքապետարանը։

Իտաբաշիի թիվ 2 միջնակարգ դպրոցում մասնակիցներն ուսումնասիրել են սեյսմիկ ուժեղացման համար կիրառված մեթոդները՝ մետաղական կապեր, լրացուցիչ դիաֆրագմաներ և այլն, ինչպես նաև դպրոցի տեխնիկական հնարավորություններն ու պարենային պաշարները՝ որպես հնարավոր ապաստարան։

Աղետների նվազեցման և մարդկային վերականգնման ինստիտուտի թանգարանում խոսվել է Մեծ Հանշին-Ավաջի երկրաշարժի հետևանքների և քաղված դասերի մասին։ Կոբեի համալսարանում տեղի է ունեցել հանդիպում պրոֆեսոր Այկո Սակուրայի և «SEEDS Asia» կազմակերպության ներկայացուցիչ Միցուկո Օցույամայի հետ, ովքեր Ճապոնիայի օրինակով անդրադարձել են զարգացող երկրներում դպրոցների անվտանգության ապահովման խնդիրներին։

Կայացել է նաև պաշտոնական հանդիպում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ JICA-ի կենտրոնակայանում։ JICA ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում հակասողանքային ներկայիս ծրագրերով։

Այցի շրջանակում ճապոնացի մասնագետները հանդես են եկել զեկույցներով հետևյալ թեմաներով՝

📍 Ճապոնիայի աղետների ռիսկի նվազեցման և շենքերի ուժեղացման քաղաքականությունը,

📍Շենքերի ուժեղացման ծրագիր Էլ Սալվադորում,

📍Սեյսմիկ գնահատման և ուժեղացման մեթոդները։

Վարդան Հայրապետյանը կարևորեց հատկապես Ճապոնիայում սեյսմիկ գնահատման արդյունքների և դրանց հիման վրա համապատասխան ուժեղացման միջոցառումների ընտրության միջև անմիջական կապը։ «Հաշվի առնելով Հայաստանում բարձր սեյսմիկ ռիսկը և շենքերի սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտությունը՝ ճապոնական փորձի ուսումնասիրությունն ու տեղայնացումը կարող են նպաստել Հայաստանում սեյսմիկ գնահատման և ուժեղացման մեթոդների կատարելագործմանը, ինչպես նաև հիմք ստեղծել հայ-ճապոնական մասնագիտական համագործակցության զարգացման համար»- նշեց նա։


ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վարդան Հայրապետյանի