ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Հայաստանը մասնակցել է Աղետների ռիսկի նվազեցման ասիական կոնֆերանսին

Հոկտեմբերի վերջին Սինգապուրի Հանրապետությունում անցկացվել է Ճապոնիայի Աղետների նվազեցման ասիական կենտրոնի՝ ADRC-ի նախաձեռնած «Աղետների ռիսկի նվազեցման ասիական կոնֆերանսը», որին մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը։

Կոնֆերանսի առանցքային թեման տեխնոլոգիաների կիրառման միջոցով կլիմայական և աղետների ռիսկերի անդրսահմանային նվազեցման, ինչպես նաև հասարակության դիմակայունության ամրապնդման հարցերն էին։ Միջոցառումը միտված էր ներկայացնելու ոլորտում արձանագրված առաջընթացը, ոլորտի ռազմավարությունների և քաղաքականության վերջին թարմացումները։ Կարևորվել են նաև վերջին խոշոր աղետների փորձի վերլուծությունը և քաղված դասերի վերաբերյալ փորձի փոխանակումը՝ ապագայում ռիսկերի նվազեցման, պատրաստվածության և արձագանքման մեխանիզմների բարելավման նպատակով։

Հայաստանի պատվիրակն իր զեկույցում անդրադարձել է մեր երկրում սեյսմիկ ռիսկի նվազեցման մարտահրավերներին և ձեռքբերումներին, մասնավորապես՝ սեյսմիկ մոնիթորինգի համակարգի պարբերաբար արդիականացմանը, ինչպես նաև հատուկ կարիքներ ունեցող անձանց սեյսմիկ անվտանգության նոր մեթոդաբանությանը, որը շուտով կներդրվի Հայաստանի դպրոցներում։

Քննարկվել են նաև այլ թեմաներ՝

📍Սենդայի շրջանակային ծրագրի (SFDRR 2015-2030) իրականացման ընթացքն ու առկա մարտահրավերները,

📍աղետների ռիսկի նվազեցման թվային տրանսֆորմացիան (DRR DX) մեկուսացված և դժվարամատչելի շրջաններում՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ,

📍աղետների և արտակարգ իրավիճակների ռիսկի արդյունավետ գնահատման, ռիսկերի նվազեցման, արձագանքման և վերականգնման կարողությունների հզորացումը,

📍աղետների ուսուցման դերն աղետների ռիսկի նվազեցման գործընթացում։

Միջոցառման շրջանակում ADRC քարտուղարությունն անդամ պետություններին է ներկայացրել 2026-2027թթ. գործունեության ծրագրերը և 2027 թ. բյուջեի պլանը։ Քննարկվել են ADRC կառուցվածքի ամրապնդման նպատակով նոր գործադիր տնօրենի նշանակման հարցը, ինչպես նաև հաջորդ Ասիական կոնֆերանսի (ACDR) անցկացման վայրը, որը տեղի է ունենալու Ճապոնիայի Սենդայ քաղաքում։

Զեկույցներ են ներկայացվել նաև նորագույն տեխնոլոգիական, արբանյակային և թվային լուծումների, երկրաշարժերի և այլ բնական աղետների ժամանակ Sentinel Asia նախագծի արբանյակային տվյալների օգտագործման, արտակարգ դիտարկման հարցումների իրականացման, վնասների գնահատման և վերականգնման մոնիթորինգի, համաշխարհային տիեզերական ռեսուրսների ներգրավման, օպերատիվ տվյալների և վերլուծական քարտեզների փոխանակման վերաբերյալ։

Կոնֆերանսին զուգահեռ ընթացող Սինգապուրի միջազգային աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման SIDEX-ACDR տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում պատվիրակները ծանոթացել են աղետային և հետաղետային իրավիճակի կառավարման համար մշակված նորագույն տեխնոլոգիաներին՝ դետեկտորի ֆունկցիա կատարող սենսորներ, բազմաֆունկցիոնալ ռոբոտ փրկարարներ և հրշեջներ, ԱԲ տեխնոլոգիա, կապի և ուղղորդման համար նախատեսված բարձրախոսներ, ուսուցողական սիմուլյացիոն հարթակներ, որոնք նպաստում են աղետների ռիսկի ընկալման և նվազեցման գործընթացներին։

Կոնֆերանսի մասնակիցների համար կազմակերպվել է նաև շրջայց Սինգապուրի Քաղաքացիական պաշտպանության ակադեմիա (CDA)։

ԲՏԱՎ պետ Սյուզաննա Կակոյանի խոսքով՝ կոնֆերանսի ընթացքում մասնագիտական փորձի փոխանակումը թույլ է տվել ավելի լավ հասկանալ Հայաստանում սեյսմիկ անվտանգության ոլորտում ներդրումային ուղղությունները։ Օրինակ՝ ուսուցման գործընթացի կատարելագործման մասով իրատեսական և ցանկալի է սիմուլյացիոն հարթակների ձեռքբերումը։

Ինչպես նախորդ տարիներին, առաջիկայում ևս Հայաստանի մասնագետները հնարավորություն կունենան Այցելու հետազոտողների ծրագրի շրջանակում Ճապոնիայում մասնակցելու հետազոտական և վերապատրաստման ծրագրերի։


ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ ADRC-ի