
Նախագծային աշխատանք երկրաշարժի թեմայով
ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» և ուսումնական հաստատությունների համագործակցության արդյունքում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր։
Օրերս Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները ներկայացրին «Երկրաշարժերն անկանխատեսելի և վտանգավոր երևույթներ են» թեմայով նախագծային աշխատանք։ Հրավիրված էին ՍՊՏԾ հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Սեխպոսյանը, գլխավոր մասնագետ Կարինե Սարգսյանը և առաջատար մասնագետ Հասմիկ Մանվելյանը։
Խմբերն անդրադարձան՝
• երկրաշարժի ծագմանն ու դրա պարամետրերին,
• սեյսմիկ վտանգի գնահատման և սեյսմիկ ռիսկի նվազեցման խնդիրներին,
• Հայաստանի տարածքում գրանցված պատմական երկրաշարժերին։
Խոսվեց նաև Սպիտակի երկրաշարժի հետևանքների և գործողությունների սխալների մասին, ինչը հանգեցրել էր մեծաքանակ մարդկային և նյութական կորուստների։ Որպես քաղված դաս՝ կարևորվեց սեյսմապաշտպանության վարքականոնների լավ իմացությունը։
ԲՏԱԲ բաժնի պետ Ելենա Սեխպոսյանի խոսքով՝ չափազանց գնահատելի է ուսուցիչների նախաձեռնողականությունը նմանատիպ հարցերում։ Նախագծի ղեկավար, զինղեկ Աննա Մինասյանն ամեն հարցում խորհրդակցել է մասնագետների հետ և կազմել նախագծային աշխատանքը։ Արդյունքում, դպրոցի ղեկավարության նախաձեռնությամբ տպագրվել են նաև թեմատիկ բուկլետներ, որոնք կհամալրեն դպրոցական գրադարանը։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ