
«Հանրային իրազեկում»․ փորձի փոխանակում հայ և շվեդ մասնագետների միջև
ՀՀ ներքին գործերի նախարարության և Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) համագործակցության շրջանակում՝ հուլիսի 2-ին Երևանում անցկացվեց «Հանրային իրազեկում» թեմայով աշխատաժողով։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը և գլխավոր մասնագետ Տաթևիկ Մարկոսյանը։
Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության մասնագետները ներկայացրին երեքշաբաթյա այցի ընթացքում նախարարության տարբեր ստորաբաժանումների գործունեության ուսումնասիրության արդյունքները։ Աշխատաժողովի գործնական մասում իրականացվեց խմբային աշխատանք, թիմերը վերհանեցին իրենց ոլորտում առկա խնդիրներն ու կարիքները, առաջարկեցին լուծումներ։
Սեյսմիկ պաշտպանության ոլորտում ուսուցման և իրազեկման աշխատանքի դժվարություններից ՍՊՏԾ մասնագետներն առանձնացրին բնակչության շրջանում մոտիվացիայի պակասը և ընդգծեցին կամավորության ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա սեյսմիկ անվտանգության մասին գիտելիքը հասանելի դարձնել ավելի լայն լսարանի։
«Աշխատաժողովի հիմնական շեշտը երկու երկրների միջև լավագույն փորձի փոխանակումն էր, որն իրականացվելու է «ուսուցանողների ուսուցանում»՝ TOT ձևաչափով։ Կարևորվեցին նաև պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությունը, խոցելի խմբերի հետ համակարգված աշխատանքը, ազդարարման հավելվածների ստեղծումը, որոնք կունենան արտակարգ իրավիճակում բնակչության գործողություններն ուղղորդող բաղադրիչ»,- մանրամասնեց Սյուզաննա Կակոյանը։
MSB ծրագրերի մշակման փորձագետ Հաննա Նորելը, որն օրերս նաև Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հյուրն էր, խոսեց գործիքակազմի և մեթոդակազմի թարմացման մասին, ինչը միանշանակ կբարձրացնի հանրային իրազեկման արդյունավետությունը։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ