
Գառնի IRIS սեյսմիկ կայանը տարածաշրջանում միակն է
1991 թվականին Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելախորշում տեղադրվեց և մինչև օրս գործում է համաշխարհային սեյսմոգրաֆիական ցանցի ժամանակակից Գառնի IRIS/GNI սեյսմիկ կայանը:
Այն գրանցում է աշխարհում տեղի ունեցող բոլոր ուժեղ երկրաշարժերը: Միաժամանակ կայանն օգտագործվում է միջուկային գաղտնի պայթեցումները գրանցելու և դրանց վերահսկողությունն ապահովելու համար՝ Միջուկային պայթյունների արգելակման համապարփակ համաձայնագրի (CTBTO) շրջանակում: Տվյալներն իրական ժամանակում արտապատկերվում են ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) մոնիտորին և օգտագործվում են Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում։
Գառնի IRIS/GNI սեյսմիկ կայանն ունի միջազգային սերտիֆիկատ և միակն է տարածաշրջանում: Ստացվող տվյալները դիտարանից արբանյակային կապով հեռահարվում են նաև Ալբուքերքի սեյսմոլոգիական լաբորատորիա (ԱՄՆ) և Վիեննայում գտնվող CTBTO-ի միջազգային կենտրոն (Ավստրիա)։
Ժամանակի ընթացքում ԱՄՆ Երկրաբանական ծառայության մասնագետների հետ համատեղ Գառնի IRIS/GNI սեյսմիկ կայանն արդիականացվել է։ Այստեղ իրականացվում է շուրջօրյա սեյսմիկ մոնիտորինգ։