Ուսուցանվել են Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի սաները
Օրերս ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի մասնագետներն ուսուցողական այցով Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղում էին: Հանդիպումը նախաձեռնել էր բուհի տնօրինությունը։
Զեկույցներով հանդես եկան բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Սեխպոսյանը և գլխավոր մասնագետ Կարինե Սարգսյանը, կառուցվածքների սեյսմակայունության բաժնի պետ Սերգեյ Թաթոյանը։ Ներկայացվեցին երկրաշարժի տեսակները, առաջացման պատճառները, երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների կարևորությունը սեյսմավտանգ գոտում բնակվող յուրաքանչյուր մարդու կյանքում:

Կառուցվածքների սեյսմակայունության բաժնի պետ Սերգեյ Թաթոյանն անդրադարձավ շենք-շինությունների կառուցվածքային տիպերին, շենքերի տատանման պարբերությանը և գրունտի կատեգորիային, կառույցների ամրությանը։
Ուսանողներն ակտիվ մասնակցություն ունեցան տարբեր հարցերի քննարկմանը և ամրապնդեցին իրենց գիտելիքը։
Լուսանկարները՝ Արաքս Մովսիսյանի