
2025-2026 ուսումնական տարին՝ «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության նախաձեռնությամբ ՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։
Պարտադիր բաղադրիչ են անվտանգության ապահովման թեմաներով վերապատրաստումներն ու կլոր սեղան-քննարկումները։ Նախարարությունն ամեն ամիս կիրականացնի թեմատիկ աշխատանքներ, այդ թվում՝ տարահանման կանոնների վերաբերյալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն իր հերթին ընդլայնում է համագործակցությունը կրթական հաստատությունների և կրթության հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ կնքված հուշագրի շրջանակում կիրականացվեն ուսումնական նյութերի մշակում, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների համար սեյսմապաշտպանության թեմայով տեղեկատվական և մեթոդական ուղեցույցներ։ ՍՊՏԾ մասնագետները կվերապատրաստեն կենտրոնի մասնագիտական անձնակազմին՝ հետագայում գիտելիքը տարածելու նպատակով։ Դասընթացներ են նախատեսվում նաև ԿԱՊԿՈՒ երեխաների համար պատասխանատու անձնակազմի, ուսուցիչների և աշակերտների համար։
Միաժամանակ շարունակվելու են դպրոցականների շրջայցերը Գառնիի երկրաֆիզիկական դիտարան։ Բուհերի հետ համագործակցության շրջանակում ուսանողներն իրենց արտադրական պրակտիկայի մի փուլը կանցնեն Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում։