
Տարահանման վարժանք Երևանի Պ․Յավորովի անվան N 131 հիմնական դպրոցում
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետների նախաձեռնությամբ՝ Երևանի Պ․Յավորովի անվան N 131 հիմնական դպրոցում անցկացվեց տարահանման վարժանք։ Թեման երկրաշարժն էր։
Դպրոցն ունի առաջին բուժօգնության և հասարակական կարգի պահպանման կամավորական խմբեր, որոնք վերահսկեցին անձնակազմի անվտանգությունը շենքից դուրս գալիս։ Ըստ սցենարի՝ կար երկու տուժած գլխի վնասվածքով, ձեռքի և ոտքի կոտրվածքներով։
Բուժքույր Լուսինե Համբարձումյանի խոսքով՝ երեխաները կարճ ժամանակում և ինքնուրույն կատարեցին վերքի մշակում և վերջույթների անշարժացում։ Այս հմտությունները նրանք սովորել են «Առողջ ապրելակերպ» առարկայի շրջանակում և արտակարգ իրավիճակներում կարող են օգնական ուժ հանդիսանալ։ Դպրոցի բուժկետն ապահովված է առաջին օգնության անհրաժեշտ պարագաներով։ Բոլոր դասարաններում կա փոքր դեղարկղ։
Վարժանքի ժամանակ գրանցվեց իրական դեպք՝ աշակերտներից մեկը տարահանվելիս ընկել էր և վնասել ոտքը։ Դպրոցի անձնակազմը հոգեբանական զրույց ունեցավ նրա հետ՝ խուճապը մեղմելու նպատակով։
Տնօրեն Նաիրա Զաքարյանը կարևորեց անվտանգության ոլորտում տարբեր կառույցների հետ սերտ համագործակցությունը։ Կողմերը պայմանավորվեցին ավելացնել գործնական միջոցառումները։
Վարժանքին հետևեցին և գնահատեցին ԲՏԱՎ փորձագետ Սերոբ Դարբինյանը, ուսումնական բաժնի պետ Գոհար Արամյանը և գլխավոր մասնագետ Անի Արամյանը։
Տեսանյութն ու լուսանկարները՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ