Փորձի փոխանակումը՝ աղետների ռիսկի նվազեցման կարևոր գործոն
Ճապոնիայի Աղետների ռիսկի նվազեցման ասիական կենտրոնի («ԱՆԱԿ») հրավերով՝ դեկտեմբերի 17-19-ը Ճապոնիայի Տոկիո քաղաքում կայացել է «Աղետների ռիսկի նվազեցման ասիական կոնֆերանս» խորագրով տարեկան ժողովը՝ անդամ պետությունների մասնակցությամբ։ Հայաստանից միջոցառմանը ներկա էր ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։
Կոնֆերանսի նպատակն էր ստեղծել մասնագիտական հարթակ՝ կայուն, ներառական և աղետների նկատմամբ դիմակայուն հասարակության ձևավորման ուղղությամբ իրականացվող քաղաքականության, նախաձեռնությունների և ծրագրերի համակողմանի քննարկման համար։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ոլորտում արձանագրված առաջընթացը, առկա մարտահրավերներն ու ձեռքբերումները, ինչպես նաև ազգային ռազմավարությունների, քաղաքականության և օրենսդրության վերջին թարմացումները։ Կարևորվել են վերջին խոշոր աղետների փորձի վերլուծությունն և քաղված դասերի վերաբերյալ փորձի փոխանակումը՝ ապագայում ռիսկերի նվազեցման, պատրաստվածության և արձագանքման մեխանիզմների բարելավման նպատակով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում աղետների ռիսկի կառավարման ոլորտում իրականացվող ընթացիկ նախաձեռնություններին, մասնավորապես՝ 2023–2030թթ. Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության և դրա գործողությունների ծրագրի ընդունմանը՝ որպես արտակարգ իրավիճակներին արձագանքումից դեպի կանխարգելման, պատրաստվածության և դիմակայունության ամրապնդման քաղաքականության անցման կարևոր քայլ։
Քննարկվել են նաև այլ թեմաներ՝
📍 ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման գործիքների ներդրումը,
📍 տվյալների կառավարման համակարգերի կատարելագործումը,
📍 վաղ ազդարարման և հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի համակարգերի զարգացումը,
📍 համայնքային մակարդակում պլանավորման ընդլայնման, ինչպես նաև կենսական նշանակության ենթակառուցվածքների սեյսմիկ խոցելիության նվազեցման հարցեր։
Կարևորվել են աղետների ռիսկերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունն ու կրթության բարձրացումը։
Տարեկան ժողովի ժամանակ որոշում է կայացվել խթանել շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը, գիտելիքի ու փորձի փոխանակումը և համատեղ մոտեցումների ձևավորումը՝ ուղղված աղետների դիմակայունության զարգացմանն ու հասարակության անվտանգության բարձրացմանը։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ «ԱՆԱԿ»-ի պաշտոնական կայքէջից