Երկրաշարժի թեմայով վիկտորինա՝ Երևանի թիվ 88 հիմնական դպրոցում
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության նախաձեռնությամբ՝ Երևանի Յոհաննես Լեփսիուսի անվան թիվ 88 հիմնական դպրոցում անցկացվել է «Պատրաստ եղիր դիմակայելու աղետին» խորագրով խաղ-վիկտորինա։
Մրցել է 4 թիմ։ Մասնակցել են 6-9-րդ դասարանների աշակերտները։ Մասնակիցները խոսել են երկրաշարժի ծագման պատճառների, տարբեր իրավիճակներում սեյսմապաշտպանության վարքականոնների և սեյսմիկ անվտանգության այլ հարցերի վերաբերյալ։ Դպրոցականները ներկայացրել են ուշագրավ մանրամասներ Հայաստանի պատմական երկրաշարժերի մասին։
Հաղթող է ճանաչվել «Անսասաններ» թիմը։ Խաղը գնահատել են բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցներ Լիլիթ Ստեփանյանը, Գոհար Արամյանը, Անի Արամյանն ու Արմինե Մելիքյանը։
Դպրոցի տնօրեն Գայանե Հարությունյանի խոսքով՝ նման միջոցառումները ոչ միայն ուսուցողական, այլև դաստիարակչական նշանակություն ունեն։ Դպրոցը լիովին աջակցում է անվտանգության բարձրացմանն ուղղված ցանկացած ձևաչափով հանդիպման։
Լուսանկարները՝ ԲՏԱՎ մասնագետների