Ամփոփվել են 2025 թվականին կատարված աշխատանքները
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում անցկացվել է 2025 թվականի կիսամյակային հաշվետվությունների ամփոփում- քննարկում՝ ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի գլխավորությամբ։
2025 թվականը բավականին արդյունավետ տարի էր։ Աշխատանքները հիմնականում ուղղված են եղել կայանների արդիականացմանը, հատուկ և կարևոր նշանակության, ինչպես նաև ընդհանուր նշանակության շենքերի մասին տվյալների հավաքագրմանը և վերլուծությանը, Երևանում և մարզերում բազմաբնակարան վթարային շենքերի տեխնիկական վիճակի գնահատմանը և սեյսմիկ խոցելիության վերաբերյալ առաջարկների ներկայացմանը։
Տարվա կարևոր ձեռքբերումներից էր այն, որ Հայաստանի սեյսմոլոգիական ցանցն ընդգրկվել է Թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիայի հարթակում։ Երկրաշարժերի ազգային կատալոգում լրացվել է 4042 երկրաշարժի տվյալ: Գնահատվել է 20 համայնքի սեյսմիկ ռիսկը, և տվյալները լրացվել են երկրատեղեկատվական համակարգերում։
Տարվա ընթացքում սեյսմիկ անվտանգության վերաբերյալ իրազեկվել և ուսուցանվել է 63366 անձ։ Սերտացվել է համագործակցությունը համայնքային իշխանությունների հետ։ Կնքվել է համագործակցության հուշագիր հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, ինչի շրջանակում նախատեսվում են վերապատրաստումներ և մեթոդական ուղեցույցների մշակում։
Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ շարունակվում է մայրաքաղաքի հանրային տրանսպորտի մեքենաներում սեյսմիկ անվտանգության ուղեցույցների տարածումը։ Դրանք նախատեսված են վարորդների և ուղևորների համար։ Քայլեր են ձեռնարկվում ուղեցույցները նաև Կապանի և Գյումրիի հանրային տրանսպորտի միջոցներում հասանելի դարձնելու ուղղությամբ։
Ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի խոսքով՝ 2026 թվականին մեկնարկելու է պետական և ներդրումային ծրագրով ազգային դիտացանցի արդիականացման առաջին փուլը, և բոլոր ջանքերը պետք է ուղղվեն այս կարևոր գործընթացը հնարավորինս արդյունավետ կազմակերպելուն։ Ընթացիկ տարվա առաջնահերթություններից է նաև ծառայությունում երիտասարդ կադրերի ներգրավումը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ