ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեյսմազինվածության բարձրացման մեխանիզմները Ճապոնիայում․ փորձի փոխանակում

«Երկրաշարժից հետո շենքերի արագ հետազննության ճապոնական մեթոդները, կառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատման և շենքերի սեյսմիկ ուժեղացման ճապոնական փորձը» թեմայով փոքր գրանտային ծրագրի շրջանակում` օրերս Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում անցկացվել է հանդիպում սեյսմիկ պաշտպանության և քաղաքաշինության ոլորտների մասնագետների միջև։ Ծրագիրը ֆինանսավորել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA): 

Զեկույցով հանդես են եկել ՀՀ ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանը և հատուկ կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման բաժնի պետ Վարդան Հայրապետյանը։

Քննարկվել են Ճապոնիայում երկրաշարժից հետո վնասված շենքերի արագ հետազննման և վնասվածքների դասակարգման մեթոդները, շենքերի սեյսմիկ գնահատման և սեյսմազինվածության բարձրացման մեխանիզմները։ Վարդան Հայրապետյանը մասնակիցներին ներկայացրել է սեյսմիկ անվտանգության հարցերով պատասխանատուների համար նախատեսված արագ ստուգման իրականացման տարբեր ձեռնարկները, սեյսմիկ գնահատման և ուժեղացման ուղեցույցները, ինչպես նաև ռիսկերի տեսուչի գործառույթներն ու կամավորական աշխատանքը։

Համեմատական է անցկացվել Հայաստանի և Ճապոնիայի սեյսմիկ շինարարական նորմերի միջև, քննարկվել են մեր երկրում սեյսմակայուն շինարարության ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունն ու շենքերի սեյսմիկ ուժեղացման ճապոնական ուղեցույցները տեղայնացնելու հեռանկարները։

Զավեն Խլղաթյանը խոսել է սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության միջազգային կապերի, տարածաշրջանային որոշ երկրաշարժերից հետո հայկական արագ արձագանքման թիմերի կատարած հետազոտությունների, «մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի արդյունքների և առաջիկա անելիքների մասին։

Հանդիպման ավարտին Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, նշել է, որ սեյսմիկ անվտանգությունն ու բնակչության պաշտպանությունը բոլորիս խնդիրն է։ Պարբերաբար հանդիպումները և գիտաժողովները միայն դրական արդյունք կարող են տալ։


Լուսանկարներն  ու տեսանյութը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ