Ուսուցում և տարահանման վարժանք ԼԽՈՒԵ հատուկ կրթահամալիրում
Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սեյսմիկ անվտանգության հարցերին։
Օրերս բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները հերթական ուսուցումն են անցկացրել Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։ Հանդիպումը նախաձեռնել էր դպրոցի տնօրինությունը։ Դասախոսում էին ՍՊՏԾ բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը, ուսումնական բաժնի պետ Գոհար Արամյանը և փորձագետ Սերոբ Դարբինյանը։
Ուսուցմանը հաջորդել է տարահանման վարժանք։ Երրորդ հարկում գտնվող աշակերտները պատսպարվել են ապահով վայրերում։
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև կրթահամալիրում սեյսմապաշտպանության թեմայով սպորտային և շարժական խաղ-վիկտորինա անցկացնելու հեռանկարները։
Քանի որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարին հայտարարել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի», ուսումնական հաստատություններն ակտիվ համագործակցում են Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հետ՝ համատեղ իրականացնելով տարբեր ձևաչափերի միջոցառումներ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ