«Պատրաստ եղիր դիմակայելու աղետին». խաղ-վիկտորինա՝ Երևանի N 123 հիմնական դպրոցում
ՀՀ ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության նախաձեռնությամբ՝ Երևանի Պարույր Սևակի անվան N 123 հիմնական դպրոցում անցկացվեց «Պատրաստ եղիր դիմակայելու աղետին» խորագրով խաղ-վիկտորինա։
Մասնակցում էին «Հրաբուխ», «Ցունամի», «Փոթորիկ» և «Կայծակ» թիմերը։ Խաղը գնահատեցին բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետներ Գոհար Արամյանը, Լիլիթ Ստեփանյանը, Հայկանուշ Եսայանը և Ֆլորա Մահտեսյանը։
Երեք փուլի ընթացքում աշակերտները ներկայացրին երկրաշարժերի ծագումնաբանությունը, Հայաստանի պատմական երկրաշարժերը, սեյսմիկ վտանգ և սեյսմիկ ռիսկ հասկացությունները, ինչպես նաև սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված քայլերը։ Բարձր գնահատվեցին Սպիտակի երկրաշարժի և սեյսմապաշտպանության վարքականոնների մասին լավագույնս իրազեկված աշակերտները։ Առաջատարը դարձավ «Հրաբուխ» թիմը։
Դպրոցի տնօրեն Վարդիթեր Թելունցը շնորհակալություն հայտնեց օգտակար միջոցառման համար, ինչի շնորհիվ ամրապնդվեցին սեյսմիկ անվտանգության վերաբերյալ աշակերտների գիտելիքները և ցուցադրվեց իսկական թիմային աշխատանք։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կողմից նախապատրաստական գործընթացում ներգրավված մանկավարժներն արժանացան պատվոգրի, իսկ մասնակիցները՝ ուսուցողական գրքույկների։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ