Սեյսմիկ ծառայության մասնագետը՝ Պարա սեղանի թենիսի մրցաշարում
Մարտի 22-ին Երևանում անցկացվել է Պարա սեղանի թենիսի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին դիտարժան խաղ է ցուցադրել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության դիտացանցի և մոնիթորինգի վարչության չափիչ սարքերի սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Արման Խաչատրյանը։ Առաջնությունը նախաձեռնել էին Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Ծանրամարտ, շախմատ, բազկամարտ, իսկ վերջին երկու տարում՝ սեղանի թենիս։ Արմանը վստահ է՝ սպորտը մարդու առողջության և հաջողության նախադրյալն է։ Կյանքի ընթացքում պետք է տարբեր սպորտաձևեր փորձել, որպեսզի գտնես քեզ ամենահարազատը։
«Սեղանի թենիսը զարգացնում է ռեակցիան, մարմնի կառավարումն ու ուշադրությունը։ Այս հմտությունները կյանքում շատ անհրաժեշտ են։ Հաշմանդամություն ունեցող անձի դեպքում դա լրացուցիչ մեծ ուժ և էներգիա է՝ դժվարությունները հաղթահարելու համար»,- նշում է Արմանը։
2021 թվականին, երբ նվաճեց Հայաստանի պարա ծանրամարտի առաջնության արծաթե մեդալը, հասկացավ, որ սպորտն այսուհետ իր ապրելակերպն է դառնալու։ Անկախ աշխատանքային ծանրաբեռնվածությունից՝ սիրելի զբաղմունքի համար միշտ ժամանակ է գտնում։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ