ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Synopsys Armenia-ի մասնագետներն այցելել են ԳԵԴ

Օրերս Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում հյուրընկալվել է «Synopsys Armenia» փակ բաժնետիրական ընկերության անձնակազմը։

Կարևորելով սեյսմիկ անվտանգության գիտելիքների ամրապնդումը՝ աշխատակիցները ճանաչողական այցի շրջանակում մասնակցել են նաև աղետների ռիսկի նվազեցման թեմայով սեմինար-քննարկման։ Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը ներկայացրել է մեր տարածաշրջանում երկրաշարժերի առաջացման պատճառներն ու Հայաստանում առկա շենքերի սեյսմիկ խոցելիության խնդիրները։ Քննարկվել են շենքերի սեյսմազինվածության բարձրացման մեթոդները, ինչպես նաև սեյսմապաշտպանության վարքականոնները երկրաշարժի երեք փուլերում։

Սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության պետի տեղակալ Հակոբ Ղազարյանը տվյալների հավաքման և օպերատիվ մշակման բաժնում, ապա դիտարանի թունելախորշում հյուրերին ծանոթացրել է երկրաշարժերի գրանցման և մոնիթորինգի սարքավորումներին, սեյսմիկ կայանների արդիականացման գործընթացին։

Շրջայցն ամփոփվել է սեյսմաերկրաքիմիական անալիտիկ լաբորատորիայում, որտեղ ցուցադրվել է ջրանմուշների հետազոտությունը նորագույն չափիչ սարքերով։

Այցի ավարտին կայացել է հանդիպում ՍՊՏԾ տնօրեն Սոս Մարգարյանի հետ։ Քննարկվել են համագործակցության հնարավոր հեռանկարները։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ