ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

ԱՌՆ կրթությունը Ճապոնիայում․ փորձի փոխանակում

Շարունակվում են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախաձեռնությամբ իրականացվող փորձի փոխանակման առցանց սեմինարները։ Օրերս կայացավ երրորդ հանդիպումը՝ նվիրված Ճապոնիայում աղետների կանխարգելմանն ուղղված միջոցառումներին և Իվատե պրեֆեկտուրայի ջանքերին։ Դասընթացին մասնակցում էին նաև ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» աշխատակիցները։

Իվատե պրեֆեկտուրայի վերակառուցման և աղետների կանխարգելման վարչության աղետների կանխարգելման բաժնի մասնագետները ներկայացրին աղետների դեմ պայքարի հիմնական ակտի առանցքային հոդվածները, որոնք կարգավորում են՝

1․ աղետի ժամանակ դերերի բաշխումն ու համագործակցությունը կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային հաստատությունների միջև, աղետների կանխարգելմանն ուղղված կամավոր աշխատանքների կազմակերպումը,

2․ համայնքային մակարդակում կանխարգելիչ քայլերի իրականացումը, այդ թվում՝ հրշեջ ծառայության և ջրհեղեղների կանխարգելման գործառույթ իրականացնող ջոկատների կարողությունների բարելավումը, համայնքի սահմաններում ԱՌՆ ոլորտում ներգրավված հասարակական և այլ կամավորական կազմակերպությունների գործունեության խթանումը։

3․ համայնքների բնակիչների կողմից նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես՝ սննդի, խմելու ջրի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների պահեստավորումը, կամավորական աշխատանքներին անդամագրումը և այլն։

Խոսվեց նաև աղետների կանխարգելման միջոցառումների հիմնական բաղադրիչներից։ Դրանք են ինքնօգնությունը, փոխօգնությունը և հանրային աջակցությունը։ Մեծ Հանշին-Ավաջի երկրաշարժի օրինակով կարևորվեցին հատկապես հանրային աջակցության սահմանափակումները, քանի որ փորձը ցույց է տվել՝ լայնածավալ աղետից հետո հակաղետային միջոցառումներն արդյունավետ չեն, քանի դեռ ինքնօգնությունը, փոխօգնությունը և հանրային աջակցությունը համակարգված չեն։

Ճապոնացի մասնագետները ներկայացրին նաև տարածաշրջանում ԱՌՆ կրթության իրականացման գործնական ուղեցույցը, որի նպատակն է ուժեղացնել տարածաշրջանում աղետների կանխարգելման կարողությունները, նպաստել իրազեկվածության բարձրացմանն ու խթանել համագործակցությունը։ Ուղեցույցի թիրախային լսարանը ոչ միայն կրթական և սոցիալական կազմակերպություններն են, այլև տեղի բնակիչների և կամավորների խմբերը, ՏԻՄ-երը և այլք, ովքեր ներգրավված են ԱՌՆ կրթության ոլորտում։

Ճապոնացի մասնագետները խորհուրդ տվեցին առաջին հերթին կրթել ինքդ քեզ՝ ծանոթանալով քո տարածաշրջանի առանձնահատկություններին և խնդիրներին, նախկինում գրանցված աղետներին, մշակելով տարբեր նախաձեռնություններ ու քննարկելով շահագրգիռ կողմերի հետ։

Հաջորդ առցանց սեմինարը կկայանա մարտ ամսին։


ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ