
Լրամշակվում է «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքը
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում անցկացվեց աշխատանքային քննարկում։ Օրակարգային հարցերից էին կազմակերպության պլանով նախատեսված և առաջին եռամսյակում իրականացված աշխատանքների ամփոփումը, «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և այլն։
Ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը հավելեց, որ աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը, որի շրջանակում համակատարող է նաև Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, կարևորում է հատկապես համայնքների հետ համագործակցությունն ու սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքները։ Նրա խոսքով՝ չնայած թե՛ Երևանում, թե՛ մարզերում բնակչության ուսուցման բազմաթիվ միջոցառումներին՝ համայնքների հետ կապը պետք է ավելի սերտացնել, որպեսզի յուրաքանչյուր կառույց հստակ հասկանա իր անելիքները։
ՍՊՏԾ դիտացանցի և մոնիթորինգի վարչության պետ Վալերի Արզումանյանը, սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության պետ Անի Գևորգյանը և իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Տաթևիկ Աղաքարյանը ներկայացրին իրենց դիտարկումները՝ ուշադրություն հրավիրելով փրկարար ծառայության շահագրգիռ բոլոր կառույցների հետ համագործակցության եզրերի, խոցելի խմբերի հետ ուսուցման և վաղ ազդարարման համակարգերի ներդրման խնդիրների վրա և այլն։
Ծառայության տնօրենի տեղակալ, հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ Շավարշ Արամյանն ու բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը մանրամասնեցին առաջին եռամսյակում կատարված աշխատանքը և քննարկեցին երկրորդ եռամսյակում նախատեսվող աշխատանքների ժամկետների հարցերը։