
Նոր համագործակցություն՝ հանուն անվտանգ կրթության
Հունիսի 17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակում նախատեսվում են ուսումնական նյութերի մշակում, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների համար սեյսմապաշտպանության թեմայով տեղեկատվական և մեթոդական ուղեցույցները, ՍՊՏԾ մասնագետների կողմից կենտրոնի մասնագիտական անձնակազմի վերապատրաստում՝ հետագայում գիտելիքը տարածելու նպատակով, ԿԱՊԿՈՒ երեխաների համար պատասխանատու անձնակազմի, ուսուցիչների և աշակերտների վերապատրաստման դասընթացներ, կրթական հաստատություններում համատեղ մշակված գրականության տարածում, հանդիպում-քննարկումներ և այլն։
Հուշագրի կնքման արարողությանը ներկա էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի անձնակազմը։
«Մեզ համար թիվ մեկ խնդիրը սեյսմիկ ռիսկի նվազեցումն է։ Այն ներառում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնցից մեկը բնակչության ուսուցումն է։ Պատրաստ ենք մեր ոլորտի հետ կապված ցանկացած խնդրին տալ լուծում։ Ուրախ ենք նման կարևոր համագործակցության համար»,- նշեց Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։
ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանի խոսքով՝ այսօր օրակարգային հարց է երեխաների համար անվտանգ կրթական միջավայր ստեղծելը; Անհրաժեշտ է, որ ոլորտի մասնագետներն ու մանկավարժները սովորեն գնահատել ռիսկերը, իսկ ուսուցանվողները ձեռք բերեն արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշման հմտություններ։ Այս առումով նոր համագործակցությունը խորհրդանշական է, քանի որ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվել է անվտանգ ու ապահով կրթության տարի։
Մասնակիցների համար անցկացվեց նաև սեմինար-քննարկում։ Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը ներկայացրեց դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր ընկերությունների և այլ կազմակերպությունների հետ աշխատանքի առանձնահատկությունները, երկրաշարժի տեսակները, սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատման սկզբունքները, Հայաստանի ակտիվ խզվածքները, Սպիտակի երկրաշարժից տուժած շենքերի և կառույցների նախագծային սխալները և այլն։
Խումբը շրջայց կատարեց սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության տվյալների հավաքման և օպերատիվ մշակման բաժնում, սեյսմոերկրաքիմիական անալիտիկ լաբորատորիայում և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելախորշում։
Որպես աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարության ծրագրի համակատարող՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը շարունակելու է ընդլայնել համագործակցությունը տարբեր ուղղություններով։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ