
Աշխատանքային քննարկում ՍՊՏԾ հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնն ամփոփեց երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքը։
Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը, սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության պետ Անի Գևորգյանն ու վարչության պետի տեղակալ Հակոբ Ղազարյանը հանդիպել են աշխատակիցների հետ:
Ուսուցանող մասնագետներին փոխանցվել են մեթոդական նյութեր, քննարկվել են հանրային տրանսպորտի վարորդների և ուղևորների համար մշակված ուղեցույցները, ինչպես նաև երկրաշարժի մասին նոր հեքիաթը, որը նախատեսված է նախադպրոցական տարիքի համար և շուտով հանձնվի գիտխորհրդի հաստատմանը։
Անդրադարձ է կատարվել համայնքներում անցկացվող սեմինար-քննարկումների առանձնահատկություններին և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ նախատեսվող աշխատանքին՝ վերջերս Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ կնքված հուշագրի շրջանակում։
Հստակեցվել են Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ձևաչափերը։
Սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության աշխատակիցները դիտարկել են այն համայնքների տվյալների ձեռքբերման հնարավորությունները, որոնցում իրականացվելու է սեյսմիկ ռիսկի գնահատում։ Տրվել է մասնագիտական խորհրդատվություն սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագրերի տեղայնացման և օպերատիվ-հերթապահության արդյունավետության վերաբերյալ։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ