ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայություն

gerbArmenia

Ուսումնասիրվում է սեյսմիկ ռիսկի կառավարման ճապոնական փորձը

Օրերս Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախաձեռնությամբ անցկացվեց «Արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու վերականգնման միջոցառումները Իվատե պրեֆեկտուրայում» խորագրով առցանց հանդիպում, որին, ի թիվս ոլորտային մասնագետների, մասնակցում էին նաև ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» աշխատակիցներ։

Հիմնական խոսնակն Իվատե պրեֆեկտուրայի վերակառուցման և աղետների կանխարգելման վարչության աղետների կանխարգելման բաժնի պետ Մասատո Տաբատան էր, մոդերատորը՝ վերակառուցման և ճգնաժամային կառավարման գրասենյակի գլխավոր մասնագետ Նոբույուկի Կատոն։

Պարոն Մասատո Տաբատան ներկայացրեց Իվատե պրեֆեկտուրայի աղետների կանխարգելման համակարգի ընդհանուր կառուցվածքը։ Դրա մեջ կարևոր դեր են զբաղեցնում՝

  1.  վաղ ազդարարման համակարգը` J-Alert,
  2. աղետների մասին տեղեկատվության փոխանակման համակարգը՝ L-Alert։

Պրեֆեկտուրայում աղետների կանխարգելման գործառույթներն իրականացնում են երկու մարմին՝ աղետների կանխարգելման խորհուրդն ու աղետների վերահսկման շտաբը՝ նահանգապետի գլխավորությամբ։ Ցամաքային ինքնապաշտպանական ուժերի, ոստիկանության շտաբի, հրդեհային վարչության պետի, տեղական հասարակական կազմակերպությունների, փորձագետների և այլ արձագանքող կառույցների գործողությունները սահմանված են Աղետների դեմ պայքարի հիմնական ակտով։

Վաղ ազդարարումն Իվատե պրեֆեկտուրայում իրականացվում է բջջային հեռախոսակապի միջոցով։ Բնակիչներին տեղեկություն է ուղարկվում այնպիսի իրավիճակների մասին, որոնք արագ արձագանքում են պահանջում։ Դրանք են բալիստիկ հրթիռների, երկրաշարժի և ցունամիի մասին նախազգուշացումները։ Այսպես կոչված՝ «ակնթարթային» տեղեկատվությունը հաղորդվում է էլեկտրոնային նամակի, քաղաքային վարչական ռադիոյի և այլնի միջոցով։

Տեղեկատվության փոխանցման մեկ այլ արդյունավետ համակարգ է L-Alert-ը, որը գործարկում է պրեֆեկտուրայի Մուլտիմեդիա խթանման կենտրոնը։ Այս կառույցը հավաքագրում է ամբողջական տեղեկատվություն աղետների մասին ու փոխանցում՝

  1. հեռուստատեսության և ռադիոյի,
  2. ինտերնետային և ազդանշանային օպերատորներին։

Պարոն Մասատո Տաբատայի խոսքով՝ 2011 թ արևելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժն ու ցունամին մեծ դաս եղան գործող մոտեցումները վերանայելու համար։ Եթե նախկինում բաշխված պաշարերը ստանալու, պահելու և փոխադրելու համար Իվատե պրեֆեկտուրայում օգտագործվում էին բազմաթիվ պահեստներ, ապա երկրաշարժից հետո Մորիոկա համայնքի արագընթաց մայրուղու խաչմերուկի մոտ ստեղծվեց բեռների  լայնածավալ հավաքման ժամանակավոր կենտրոն՝ Iwate Industrial Culture Center Apio։ Այն հնարավորություն է տալիս լոգիստիկ գործընթացները կառավարել մեկ կետից՝ ճիշտ օգտագործելով մարդկային ռեսուրսը։ Այս մեթոդը կիրառվել է 2016 թ Կումամոտոյի և 2024 թ Նոտո թերակղզու երկրաշարժներից հետո աղետի գոտու բնակիչներին աջակցություն ցուցաբերելու ժամանակ և հայտնի է դարձել «Իվատեի մեթոդ» անվանմամբ։

Արևելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժը վերհանեց նաև այլ խնդիրներ, օրինակ՝ որ անհրաժեշտ է

  1. մշակել տարհանման կենտրոնների և տարհանվածների վիճակն արագորեն գնահատելու համակարգ այն դեպքերում, երբ խաթարվել է համայնքապետարանի հետ կապը,
  2. լայնածավալ աղետներին նախապատրաստվելիս հստակեցնել դերերի բաշխումը տարհանման կենտրոնի կառավարման և տուժածների աջակցության տրամադրման միջև,
  3. ստեղծել հոգեբանական խնամքի կենտրոններ։

Այս առումով Իվատե պրեֆեկտուրայի ղեկավարությունը մեծ աշխատանք է տարել, մասնավորապես՝ 2012 թվականին Մորիոկա քաղաքում հիմնել է «Իվատե պրեֆեկտուրայի հոգեկան խնամքի կենտրոն» և  տարածաշրջանային 4 կենտրոն՝ ափամերձ համայնքներում։

Ճապոնիայի հարուստ փորձը, ապաստարանների կառավարման և լոգիստիկ բազայի ստեղծման վերաբերյալ ձեռնարկները կարող են նպաստել նաև սեյսմոակտիվ գոտում գտնվող Հայաստանի անվտանգության համակարգի բարելավմանը։

Հաջորդ առցանց հանդիպումը կկայանա հունվարի 18-ին։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ