ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Հայաստանի սեյսմոգրաֆիկ ցանցը՝ միջազգային համակարգում

Թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիան (International Federation of Digital Seismograph Networks (FDSN) համաշխարհային կազմակերպություն է, որը միավորում է այն հաստատություններին, որոնք զբաղվում են լայնաշերտ թվային սեյսմիկ կայանների տեղակայմամբ, սպասարկմամբ և տվյալների մատչելիությամբ՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։

FDSN-ի հիմնական նպատակն է ապահովել կայանների աշխարհագրականորեն հավասարաչափ բաշխում՝ ձևավորելով գլոբալ դիտարկման միասնական համակարգ, ներդնել սարքավորումների, գրանցման և տվյալների պահպանման համակարգերի համար ընդհանուր տեխնիկական չափորոշիչներ, կիրառել տվյալների արխիվացման և փոխանակման ստանդարտացված ձևաչափեր (հատկապես՝ Standard for Exchange of Earthquake Data (SEED) ձևաչափը), զարգացնել իրական ժամանակում սեյսմիկ տվյալների փոխանցման և հասանելիության հնարավորությունները, ինչպես նաև ներդնել սեյսմիկ գրանցումների որակի հսկողության և ստուգման միասնական մեխանիզմներ։



Այն գործում է IASPEI-ի (International Association of Seismology and Physics of the Earth’s Interior) հովանու ներքո և ներառում է 93 անդամ-հաստատություն 63 երկրներից։ FDSN-ի տվյալների հիմնական պահոցը գտնվում է EarthScope Data Center (IRIS-DMC (Incorporated Research Institutions for Seismology- Data Managment Center), Սիեթլ, ԱՄՆ) կենտրոնում, որտեղ բոլոր անդամների կողմից փոխանցվող տվյալները հասանելի են միջազգային գիտական հանրությանը։

Վերջերս ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցն ընդգրկվել է FDSN հարթակում, հանդիսանում է FDSN-ի լիիրավ անդամ և ներառված է FDSN-ի պաշտոնական ցուցակում։ Այն հանդես է գալիս ALV3 (Ալվանք), AYK3 (Այրք), EGV3 (Եղվարդ), BVR3 (Բավրա), SRT3 (Սարատովկա) և LUS3 (Լուսահովիտ) սեյսմիկ կայաններով՝ որպես Հայաստանի ազգային սեյսմիկ ցանց անվանումով։

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կողմից գործարկվող լայնաշերտ սեյսմոլոգիական կայանների ազգային ցանցն ապահովում է երկրի տարածքի սեյսմիկ ակտիվության շարունակական մոնիթորինգը և տվյալների հավաքագրումը։ Ցանցի կառուցվածքը նախատեսված է ոչ միայն տեղային երկրաշարժերի, այլև տարածաշրջանային և հեռավոր ուժեղ սեյսմիկ իրադարձությունների գրանցման ու վերլուծության համար՝ բարձր որակի թվային գրանցումների միջոցով։ Այդ կայանները գրանցում են սեյսմիկ ալիքների հորիզոնական և ուղղահայաց բաղադրիչները, իրականացնում են տվյալների շարունակական փոխանցում դեպի IRIS-DMC և ապահովում են սեյսմիկ դիտարկումների իրական ժամանակում հասանելիություն միջազգային գիտական հարթակներում՝ նպաստելով ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ սեյսմիկ մոնիթորինգի համակարգերի արդյունավետությանը։

Սեյսմոլոգիական ցանցի ընդգրկումը FDSN համակարգում ապահովում է մի շարք ռազմավարական և գիտական առավելություններ։ Նախ, այն երաշխավորում է սեյսմիկ տվյալների միջազգային ճանաչում և երկարաժամկետ պահպանում, այսինքն՝ ՍՊՏԾ-ի գրանցած սեյսմիկ տվյալներն արխիվացվում են IRIS-DMC կենտրոնում՝ ունենալով մշտական DOI հղումներ և ապահովելով դրանց հասանելիությունը գլոբալ գիտական հանրությանը։

Միաժամանակ, անդամակցությունը նպաստում է գլոբալ գիտական ինտեգրմանը, քանի որ Հայաստանի սեյսմիկ դիտարկումները դառնում են համաշխարհային սեյսմիկ տվյալների բազայի մաս՝ բարձրացնելով երկրի գիտական տեսանելիությունն ու մասնակցությունը միջազգային հետազոտական նախաձեռնություններին։



Բացի այդ, անդամակցությունը խթանում է տեխնիկական և գիտական համագործակցությունը, հնարավորություն տալով ՍՊՏԾ-ին կիրառել FDSN-ի մշակած միջազգային չափորոշիչներն ու գործիքները՝ ներառյալ SEED, StationXML և Web Services համակարգերը, ինչպես նաև հասանելիություն ստանալ այլ երկրների սեյսմիկ տվյալների բազաներին։

Վերջապես այս համակարգում ընդգրկվելն ապահովում է տվյալների բաց հասանելիություն և փոխանակում, քանի որ ՍՊՏԾ-ի լայնաշերտ կայանների մի մասը միացված է SeedLink համակարգին, որի միջոցով սեյսմիկ գրանցումներն իրական ժամանակում փոխանցվում են դեպի IRIS-DMC և CTBTO (Comprehensive Nuclear-Test-Ban Treaty Organization) գլոբալ հարթակներ։ Դա հնարավորություն է տալիս միաժամանակյա դիտարկումներ և համաշխարհային մակարդակի վերլուծություններ։