Ֆրանսիացի գործընկերներն այցելել են Գառնիի երկրաֆիզիկական դիտարան
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն էին այցելել Ֆրանսիայի ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի Շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի ղեկավար Անտուան Տոգնելին, միջազգային կապերի հարցով օգնական Նիկոլաս Բրաշետը, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հետ կապի գլխավոր պատասխանատու Յոան Կանոն և տեխնիկական մասնագետ Ժերեմի Հրամանը:
Ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի գլխավորությամբ՝ քննարկվեցին երկու կողմերի համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքները և առաջիկա ծրագրերը։ 2025–2027 թվականներին նախանշվել է մի քանի ռազմավարական ուղղություն։
Շարունակվելու է Գառնիում տեղակայված Ազգային Տվյալների Կենտրոնի (NDC) տեխնիկական արդիականացումը, SeisComP և DTK-Jade/Onyx ծրագրային միջավայրերի վրա հիմնված վերլուծության հոսքերի կայունացումը, ինչպես նաև Վայք սեյսմիկ կայանի փուլային արդիականացումը։
Նախատեսվում է Վայքի տարածքում տեղադրել ինֆրաձայնային ժամանակավոր կայան՝ հետագա մշտական ցանցի նախագծման տեսլականով։ Զուգահեռ կիրականացվեն սեյսմատեկտոնիկ և սեյսմիկ վտանգի գնահատման համատեղ ծրագրեր։ Կարողությունների ամրապնդման նպատակով նախատեսվում են համատեղ վերապատրաստումներ։
Այս քայլերը միտված են բարձրացնելու Հայաստանի սեյսմիկ դիտարկումների որակը, ամրապնդելու միջազգային տվյալների փոխանակումը և ապահովելու ավելի արդյունավետ սեյսմիկ վտանգի գնահատում թե՛ ազգային, թե՛ տարածաշրջանային մակարդակներում։
Տեսանյութի և լուսանկարների հեղինակ՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ