ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Ուսումնասիրվում է ճապոնական փորձը սեյսմակայուն շինարարության ոլորտում

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA)՝ «Երկրաշարժից հետո շենքային պայմանների արագ հետազննության ճապոնական մեթոդները, կառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատման և շենքերի սեյսմիկ ուժեղացման ճապոնական փորձը» թեմայով փոքր գրանտային ծրագրի շրջանակում՝ դեկտեմբերի 22-ին անցկացվեց սեմինար-քննարկում ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» աշխատակիցների համար: Նպատակն էր ուսումնասիրել սեյսմակայուն շինարարության ոլորտում ճապոնական փորձը և մշակել առաջարկներ։

Հայաստանում ծրագրի համակարգողը կառուցվածքների սեյսմակայունության վարչության հատուկ կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման բաժնի պետ Վարդան Հայրապետյանն է։  

Ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի սեյսմիկ վտանգի քարտեզները և շեշտեց հավաքված տվյալները վերլուծություններում հնարավորինս կիրառելու կարևորությունը։ «Ճապոնիայում մարդը բարձրագույն արժեք է, այնտեղ ամեն ոք պատասխանատու է իր սխալի համար», - նշեց ծառայության տնօրենը՝ հավելելով, որ սեյսմիկ անվտանգության բարձրացման նպատակով պետք է անմիջապես համայնքների և արձագանքող ուժերի հետ աշխատել։

Վարդան Հայրապետյանը խոսեց ճապոնիայում երկրաշարժից հետո վնասված շենքերի արագ հետազննումից և վնասվածքների դասակարգումից, ինչպես նաև շենքերի սեյսմիկ գնահատումից և սեյսմազինվածության բարձրացումից։

Նա կարևորեց շահագրգիռ կողմերի համար մշակված առանձին ձեռնարկները՝ երկրաշարժից առաջ նախապատրաստվելու և երկրաշարժի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Քանի որ 2020 թվականին «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» մասնագետներն արդեն իրականացրել են Ջերմուկ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատում, որոշում կայացվեց սեյսմակայուն շինարարության ոլորտում ճապոնական փորձի տեղայնացումը սկսել հենց այս քաղաքից։

Զեկույցները կպարզեցվեն և կներկայացվեն շահագրգիռ կողմերին։


Տեսանյութն ու լուսանկարները՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ