ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

ԴԻՄԱՆԿԱՐ․ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 «Սեյսմիկ ծառայության ավագ սերունդը» խորագրով նախագծում բացահայտում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության փորձառու մասնագետների գործունեությունն ու հետաքրքիր պատմությունները։

Արդեն 34 տարի սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության փորձագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ավետիս Առաքելյանը նույն եռանդով ամեն առավոտ շտապում է աշխատանքի։ Օրվա ընթացիկ հանձնարարությունները ստուգելուց հետո մասնագիտական գրականություն է կարդում։ Գեղարվեստականից ֆանտաստիկայի ժանրն է նախընտրում՝ Ազիմով, Բրեդբերի, Կինգ, Ստուգացկի եղբայրներ։ Ասում է՝ էական չէ, թե որ ոլորտում ես, ամեն ձևաչափով պետք է տեղեկություն ստանաս շուրջդ կատարվող իրադարձությունների մասին։ Միշտ պետք է կյանքին համընթաց քայլել։


Աշխատանքը սեյսմիկ ծառայությունում

Սպիտակ երկրաշարժից հետո՝ 1991 թվականին, երկրաֆիզիկոս, պրոֆեսոր Սերգեյ Բալասանյանի ջանքերով հիմնադրվեց Հայաստանի կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը։ Ավետիս Առաքելյանն այդ ընթացքում աշխատում էր ՀԽՍՀ նախարարների խորհրդի երկրաբանական վարչության երկրաբանաերկրաֆիզիկական արշավախմբում։ «Ինձ հրավիրեցին ծառայությունում աշխատելու՝ որպես գլխավոր սեյսմոլոգ։ Պրոֆեսոր Բալասանյանը հատուկ մասնագետներ էր փնտրում սեյսմոլոգիայի, երկրաֆիզիայի և այլ մասնագիտությունների գծով։ Հայաստանի սեյսմիկ ցանցում ներդրվեցին երկրաշարժի մոնիթորինգի առաջադեմ մեթոդեր, ինչպես նաև թվային կայաններ՝ տվյալների տելեմետրիկ փոխանցումով»,- վերհիշում է մասնագետը։

90-ականներին էլեկտրաէներգիայի և անհրաժեշտ սարքավորումների բացակայության պատճառով մեծ դժվարությամբ էր գործում Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը։ Սեյսմիկ ծառայության միջազգային կապերի շնորհիվ հնարավոր դարձավ կայանի անխափան աշխատանքի ապահովումը։ Ավետիս Առաքելյանի խոսքով՝ անձնակազմի ամբողջ ներուժն ուղղվել էր միջազգային համագործակցությունն ընդլայնելուն։ Դրանցից թերևս ամենակարևորը 1991 թվականին Միջուկային պայթյունների արգելակման համապարփակ համաձայնագրին (CTBTO) անդամակցումն էր, ինչի շրջանակում Գառնի IRIS/GNI սեյսմիկ կայանն արդեն 35 տարի գրանցում է ոչ միայն աշխարհում տեղի ունեցող բոլոր ուժեղ երկրաշարժերը, այլև հնարավոր միջուկային գաղտնի պայթեցումները։

Գիտական աշխարհի հետ ակտիվ կապը ձևավորեց մասնագիտական նոր աշխարհայացք, ստեղծվեց նորագույն տեխնոլոգիաների և մեթոդաբանությունների կիրառման լայն հնարավորություն։

                  

Սպիտակի երկրաշարժից հետո՝ Հնդկաստանի ժողովրդի կողքին

«Սպիտակի երկրաշարժն իր հետևանքներով՝ 25000 զոհ և գրեթե կես միլիոն անօթևան, սարսափելի կորուստ էր Հայաստանի համար։ Սեյսմիկ ծառայության աշխատանքը հիմնականում ուղղված էր պրակտիկ խնդիրների լուծմանը։ Տարբեր մեթոդներով ուսումնասիրվում էր երկրի ընդերքը, այսինքն՝ ինչ փոփոխություններ են լինում էլեկտրական, մագնիսական, երկրաքիմիական, հիդրոդինամիկական և այլ դաշտերում»,- նշում է սեյսմոլոգը։

Իհարկե նաև փորձեր կատարվեցին երկրաշարժերը կանխատեսելու համար, բայց քանի որ ամբողջ աշխարհում դա գործնականորեն անիրատեսական պրակտիկա է, սեյսմիկ ծառայությունը շեշտը դնում է բնակչության ուսուցման և սեյսմակայուն շինարարության զարգացման վրա՝ միաժամանակ համագործակցելով փրկարար ծառայության հետ։


Սեյսմիկ վտանգի գնահատման ու սեյսմիկ ռիսկի նվազեցման փորձը թույլ տվեց, որ հայ սեյսմոլոգները՝ հայկական արագ արձագանքման թիմի կազմում, օգնության ձեռք մեկնեն Հնդկաստանի ժողովրդին 2001 թվականի հունվարի 26-ին Գուջարաթ նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Ճիշտ է՝ մինչ մեկնելը շատ դժվարություններ եղան՝ կապված ֆինանսավորման և երկրից դուրս գալու թույլտվությունների հետ։ Սակայն կառավարությունն արագ լուծեց այդ հարցը։ «Դա Հայաստանի առաջին մարդասիրական փորձն էր։ Խմբում կային տարբեր հետազոտություններ իրականացնող գիտնականներ, փրկարարներ, շինարարներ և այլ մասնագետներ։ Ընդունող կողմն է որոշում, թե դու որտեղ պիտի աշխատես։ Մեզ տարան Ահմեդաբադ քաղաք»,-պատմում է Ավետիս Առաքելյանը։

Մի քանի միլիոն բնակչությամբ քաղաքը բավականին տուժել էր։ Հայկական խումբն աղետի գոտում աշխատեց 2 շաբաթ։ Սեյսմոլոգներն ուսումնասիրեցին մոտ 150 վնասված տուն, աքսելերոմետրով գրանցեցին մի քանի հետցնցում։ Կազմվեց լիարժեք հաշվետվություն, որը ներկայացվեց Ահմեդաբադի քաղաքապետին, ապա՝ Գուջարատի նահանգապետին։ Բացի հայ մասնագետներից՝ մարդասիրական խմբեր կային նաև Շվեյցարիայից, Գերմանիայից, Ճապոնիայից և այլ երկրներից, բայց միայն հայկական թիմն էր նման ծավալուն հաշվետվություն մշակել․ «Մենք հասկացանք, թե ինչ է նշանակում աշխատել աղետի գոտում, որ փրկարարական աշխատանքներից ոչ պակաս կարևոր են գիտական ուսումնասիրությունները, որոնց շնորհիվ հետագայում կարելի է ավելի բարձր ճշտությամբ գնահատել սեյսմիկ վտանգը և նվազեցնել սեյսմիկ ռիսկը ՝ փրկելով բազմաթիվ մարդկային կյանքեր»։

Աշխատանք երիտասարդների հետ

Փորձառու մասնագետին է վստահված սեյսմիկ անվտանգության ոլորտով հետաքրքրվող երիտասարդ կադրերի պատրաստումը։ Ասում է՝ բավականին հետաքրքիր գործ է՝ թե՛ սովորեցնում ես, թե՛ սովորում։ «Գիտությամբ զբաղվող մարդուն պետք է ոգևորել, այդ թվում՝ ֆինանսապես։ Գիտության զարգացումից հետ ընկնել չի կարելի։ Մեր երիտասարդները շատ բանիմաց են, ամեն ինչ արագ ընկալում են, սովորում, հետևում նորարարությունների։ Պետությունը պետք է այնպես անի, որ երիտասարդն իր ձգտումը չկորցնի և իր ներուժը այլ երկրում չսպառի»,- նշում է Ավետիս Առաքելյանն ու հավելում՝ սեյսմիկ ծառայությունում են «թրծվել» շատ սեյսմոլոգներ, երկրաֆիզիկոսներ և այլ մասնագետներ, որոնք իրենց նվիրել են այս գործին և պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում։


Գիտական գործունեությունն ու նախասիրությունները

Երեք տասնամյակ Ավետիս Առաքելյանը սեյսմիկ վտանգի գնահատման ոլորտում բազմաթիվ աշխատանքներ է իրականացնել հայ և օտարերկրյա մասնագետների հետ համատեղ։ Վերջին ամենակարևոր ձեռքբերումներից է համարում 2018 թվականին Հայաստանի սեյսմիկ վտանգի գնահատման նոր քարտեզը, որը մշակվել է միջազգային կոնսորցիումի ջանքերով։ Սա թույլ է տվել Հայաստանում նոր շինարարական նորմեր ներդնել, ինչը կօգնի նվազեցնել սեյսմիկ ռիսկը․ «Դա չի նշանակում, որ գիտական հետազոտությունները պետք է դադարեցվեն։ Նոր գիտական հետազոտությունների իրականացման արդյունքում երկրակեղևի կառուցվածքի և դինամիկայի վերաբերյալ կուտակվում են նոր տվյալներ, ինչը բերում է սեյսմիկ վտանգի վերանայման անհրաժեշտությանը։ Մեզ անհրաժեշտ են նոր քարտեզներ, օրինակ՝ ջրամբարների և հատուկ նշանակության այլ օբյեկտների, որոնց սեյսմիկ վտանգի գնահատումը պետք է արվի խոշոր մասշտաբով, ավելի մանրակրկիտ։ Այնպես որ, սեյսմիկ վտանգի գնահատումը միշտ առաջնային խնդիր է»։

Աշխատանքից դուրս իր հանգստի գոտին ընտանիքն է։ 5 թոռ ունի, ովքեր իր ուրախությունն են։ Ճամփորդել է սիրում, բայց խոստովանում է՝ այլ երկրում ապրելն ու աշխատելը իր պլանների մեջ չի մտնում։


ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

Հ․Գ․ Գուջարաթի երկրաշարժից հետո հայկական արագ արձագանքման թիմի աշխատանքի մասին՝ այստեղ։