ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ՝ Քարահունջի սողանքային գոտում

Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ՝ մարտին ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության աշխատանքային խումբը Քարահունջ բնակավայրում հետազննել է ակտիվ սողանքային գոտում գտնվող 5 բնակելի տուն։

Գորիսի տարածքային կենտրոնի պետ Վարազդատ Առուստամյանի խոսքով՝ տները կառուցվել են 1930-ական թվականներին, այնուհետև շահագործման տարբեր տարիների վերակառուցվել են։ Դեռևս 2004 թվականին «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերության իրականացրած հետազոտության արդյունքներով՝ Քարահունջ բնակավայրի տարածքը բնութագրվել է որպես զարգացող, ակտիվ սողանքային գործընթացներով գոտի։ Տարածքում սողանքային գործընթացների ազդեցության, ինչպես նաև բնակելի տների անբավարար շահագործման պայմանների հետևանքով տներում առաջացել են բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ քարաշարվածքի շերտավորում, տարբեր բնույթի ճաքեր ու դեֆորմացիաներ, մասնակի փլուզումներ։

Կառուցվածքների սեյսմակայունության վարչության մասնագետների եզրակացության համաձայն՝ հետազննված բնակելի տներն ունեն բարձր մաշվածություն և բազմաթիվ անհամապատասխանություններ ՀՀ-ում ներկայումս գործող շինարարական նորմերի հետ։ Տների սեյսմիկ խոցելիության մակարդակը գնահատվել է բարձր։ Հաշվի առնելով տեխնիկատնտեսական տեսանկյունից բնակելի տների վերակառուցման կամ ուժեղացման ոչ նպատակահարմար լինելը՝ առաջարկվել է շենքերի ապամոնտաժում։

Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը նշում է՝ սողանքային երևույթներն սկսվել են Սպիտակի երկրաշարժից հետո։ 20 ընտանիք ապրում է ակտիվ սողանքային գոտում։ Պետությունը ժամանակին փոխհատուցում է հատկացրել, և շատերը տեղափոխվել են այլ բնակավայր։

Այս պահին մտահոգության առարկան գյուղի մանկապարտեզն է, որտեղ 46 երեխա է ուսանում։ Շենքի սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ արդեն դիմել են Գորիսի համայնքապետարանին։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ