Երկրաշարժը միջնադարում․ գիտական անդրադարձ
«Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում․ հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ գիտաժողովի շրջանակում՝ տպագրվել է «Բնության ահեղ երևույթների՝ երկրաշարժերի առաջացման տեսությունը Անանիա Շիրակացու երկերում» գիտական հոդվածը։ Հեղինակը ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության նախկին աշխատակից, մանկավարժ, կրթական ծրագրի մենթոր Նարինե Գալստյանն է։
Զրուցել ենք մասնագետի հետ։
-Ինչո՞վ էր պայմանավորված թեմայի ընտրությունը, և որքանո՞վ է այն արդիական այսօր։
- Իմ մասնագիտական գործունեությունը սերտորեն առնչվել է սեյսմիկ անվտանգության ոլորտին։ Դպրոցական էի, երբ տեսել եմ 1988 թվականի ավերիչ երկրաշարժը։ Սովորել եմ համալսարանի աշխարհագրության բաժնում, որտեղ հետազոտել ու պաշտպանել եմ «Երկրաշարժեր, նրանց առաջացման պատճառները և տարածվածությունը» խորագրով կուրսային աշխատանքը։
Անանիա Շիրակացու ուսումնասիրությունները, որոնք վերաբերում էին երկնային մարմինների շարժին և դրանց կապին երկրային երևույթների հետ, իրենց բնույթով ընդգրկում են գիտելիքների լայն շրջանակ։ Թեման արդիական է, քանի որ ժամանակակից գիտությունը դեռ շարունակում է որոնել կապեր տիեզերական երկրաչափության և սեյսմիկ ակտիվության միջև։

-Ինչու՞մն է, ըստ Ձեզ, Շիրակացու գաղափարների բացառիկությունը ոչ միայն իր ժամանակի, այլև մեր օրերի համար։
-Շիրակացին առանձնանում էր իր բնափիլիսոփայական մտածողությամբ, որը միջնադարում բացառիկ երևույթ էր։ Նա դիտարկում էր երկնային մարմինների դիրքերը և դրանց ազդեցությունը երկրային երևույթների վրա՝ փորձելով բացատրել բնական գործընթացների փոխկապակցվածությունը։ Միաժամանակ նա ընդգծում էր մարդու առողջության և բնության հավասարակշռության փոխազդեցությունը՝ ցույց տալով, որ մարդու կենսագործունեությունը չի կարող դիտվել՝ շրջակա միջավայրից անջատված։ Այս մոտեցումը ձևավորում էր համակարգային պատկերացում, որտեղ տիեզերական և երկրային երևույթները դիտվում էին որպես փոխկապակցված ամբողջություն։ Շիրակացու դիտարկումները համընկնում են ժամանակակից գիտության այն ուղղությունների հետ, որոնք ուսումնասիրում են մարդու և շրջակա միջավայրի փոխազդեցությունը, և փաստում են նրա գաղափարների՝ ժամանակից առաջ լինելը։
Շիրակացին համոզված էր, որ երկրաշարժերն առաջանում են հողմերից։ Իր «Տիեզերագիտություն» աշխատության Երկրի մասին բաժնում նա գրել է․ «Երկրի այս ու այն մասերում տեղի ունեցող երկրաշարժերի պատճառը հեթանոս փիլիսոփաները համարում են աստղային երկինքը և ասում այսպես․ վերին կրակը անհրաժեշտորեն գտնվում է շարժման մեջ, և նա, ըստ շարժման բնույթի, ձեռք է բերում գնդաձևություն, որի հետևանքով նա հողմին ևս տալիս է իրեն հատուկ ձևը․․․ուստի շրջապտույտի ժամանակ հողմ է առաջանում և հարվածում երկրի ներքևի մասին, և որ տեղին հարվածում է, այնտեղ էլ առաջացնում է երկրաշարժը»։
«Աստղային երկնքի հետ կապված» երկրաշարժերի առաջացման մասին նրա տեղեկությունը համահունչ է Պլինիոս Ավագի հիշատակած բաբելոնացիների դիտարկումներին։ Նրանց հաղորդմամբ՝ երկրաշարժերը և երկրի մակերևույթի ճեղքվածքներն առաջանում են «աստղերի ուժից», բայց միայն այն երեք «աստղերի», որոնք ամպրոպ են առաջացնում։ Դրանք Սատուրնը (Երևակ), Յուպիտերն (Լուսնթագ) ու Մարսն են (Հրատ), որոնք, տեսության համաձայն, պատճառ են դառնում երկրաշարժերի առաջացման, երբ ճանապարհորդում են Արեգակի հետ։
Նորագույն ժամանակներում բացահայտվել է կապը Երկրի սեյսմիկության և միջմոլորակային մթնոլորտային գործընթացների միջոցով Արեգակի ակտիվության միջև։ Եվ իմ հոդվածը հիմնված է հենց «աստղային երկնքի հետ կապված» երկրաշարժերի առաջացման տեսության վրա։ Հույս ունեմ՝ այն կօգնի մասնագետներին իրենց հետազոտական աշխատանքում։
-Գրեթե 6 տարի աշխատել եք սեյսմիկ ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում։ Այս համագործակցությունն ի՞նչ է փոխել Ձեր մեջ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումով։
-Ես բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնում էի, դպրոցականներին և երիտասարդներին ուսուցանում էինք երկրաշարժից պաշտպանվելու վարքականոները։ Երեխաների հետ աշխատելիս դու մշտապես պետք է սովորես ու թարմացնես գիտելիքդ, հետազոտես երկրաշարժերի մասին ցանկացած նյութ, որովհետև մեր հայրենիքը սեյսմիկ ակտիվ գոտում է գտնվում։
Դասընթացները, վարժանքները և հանրային իրազեկման ծրագրերն առաջին հերթին նպաստում են համայնքի պատրաստվածության բարձրացմանը։ Սա շատ կարևոր աշխատանք է ոչ միայն կրթական, այլև հասարակական անվտանգության տեսանկյունից։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
Հ․Գ․ Միջնադարում երկրաշարժերի առաջացման պատճառների մասին կարող եք կարդալ Անանիա Շիրակացու «Մատենագրություն» գրքում։