Ուսուցանվել են «ՀԷՑ» ընկերության աշխատակիցները
ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը նոր համագործակցություն է սկսել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ։
Ընկերությունը, կարևորելով աշխատակիցների իրազեկվածությունն ու երկրաշարժից պաշտպանվելու գործնական հմտությունների բարելավումը, Սյունիքի մարզի «Տաթև» մասնաճյուղում նախաձեռնել էր սեյսմապաշտպանության թեմայով դասընթաց։ Վերապատրաստումն անցկացրել են ՍՊՏԾ բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը, հարավային տարածաշրջանային կենտրոնի պետ Մամիկոն Վարդանյանն ու բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի մասնագետները։
Ներկայացվել են երկրաշարժերի ծագումնաբանությունը, Հայաստանի տարածքում գրանցված պատմական երկրաշարժերը, բալ և մագնիտուդ հասկացությունները, ինչպես նաև երկրակեղևում սեյսմիկ ալիքների տարածման ուղղությունները, շենքերի տիպերն ու դիմակայունության մակարդակը։ Սյուզաննա Կակոյանն անդրադարձել է Սյունիքի մարզի սեյսմիկ ռիսկի քարտեզին և ուժեղ երկրաշարժի դեպքում երկրորդային վտանգներին։ Մասնակիցներն ուսուցանվել են նաև սեյսմապաշտպանության վարքականոնները երկրաշարժից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո։
Քննարկվել են Կապան քաղաքի բնակելի շենքերի խոցելիության խնդիրներն ու սեյսմազինվածության բարձրացմանն ուղղված տարբեր մեթոդները։
Դասընթացի գործնական մասը բաղկացած է եղել 2 փուլից։ Շտաբային հանդիպման ընթացքում վերհանվել են կազմակերպության շենքում և հարակից տարածքում առկա ռիսկի գործոնները, տրվել են ցուցումներ՝ ինչպես նախապատրաստվել երկրաշարժին, տարբերել շենքի հիմնական պատերը, տարահանվել անվտանգ վայր կամ պատսպարվել վերին հարկերում, հավաքել առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ։
Շտաբային քննարկմանը հաջորդել է տարահանման վարժանք, հստակեցվել են պատասխանատուների և անձնակազմի գործողությունները։
Հարավային տարածաշրջանային կենտրոնի պետ Մամիկոն Վարդանյանի խոսքով՝ ՀԷՑ ընկերության ղեկավար կազմը բավականին պատրաստակամ էր և լիահույս, որ իրենց աշխատակիցների ուսուցման օրինակը «վարակիչ» կլինի մյուս կազմակերպությունների համար։
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել է հավաստագիր։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Հարավային տարածաշրջանային կենտրոնից