ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Ամփոփվել է ՍՊՏԾ կառուցվածքային ստորաբաժանումների կիսամյակային աշխատանքը

ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի ղեկավարությամբ՝ ամփոփվել է առաջին կիսամյակում կառուցվածքային ստորաբաժանումների կատարած աշխատանքը։

Բնակչության ուսուցման և իրազեկման մասով նկատելի է Գառնիի երկրաֆիզիկական դիտարան շրջայցերի թվի զգալի աճ։  Ամբողջությամբ ավարտվել է Երևան քաղաքի հանրային տրանսպորտի մեքենաներում սեյսմիկ անվտանգության ուղեցույցների տեղադրման գործընթացը՝ «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության հետ համագործակցության շրջանակում։ Ուղեցույցներն այսուհետ հասանելի են նաև Կապանի հանրային տրանսպորտում։

Երիտասարդ մասնագետների որակավորման և հետազոտական ծրագրերի շրջանակում սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության 2 աշխատակից գործուղվել է Ճապոնիա և Թուրքմենստան։

Սեյսմիկ ռիսկի նվազեցման համատեքստում մշակվել է «Կարկասապանելային 9 հարկանի բազմաբնակարան շենքերի սեյսմազինվածության բարձրացման հայեցակարգ», որն արժանացել է հավանության։ Որոշվել է «Տատանումների դինամիկական մարիչներ» մեթոդի կիրառմամբ մեկ շենքի վրա իրականացնել պիլոտային ծրագիր:

Շարունակվում է պետական ծրագրով ազգային դիտացանցի արդիականացման գործընթացը։ Այս փուլում սեյսմիկ կայանների համար ձեռք է բերվել 12 բազմապարամետրային փոխարկիչ, իսկ սեյսմաերկրաքիմիական անալիտիկ լաբորատորիայի համար՝ ջրանմուշների անալիտիկ չափման ժամանակակից սարքավորումներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև CTBTO կազմակերպության նախաձեռնությամբ օգոստոսին Գառնիում կայանալիք տարածաշրջանային աշխատաժողովի կազմակերպչական հարցեր։

Տեսանյութն ու լուսանկարները՝ Անի Անտոնյանի