Հայաստանը մասնակցում է CTBTO հերթական նստաշրջանին
Վիեննայում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության՝ CTBTO-ի աշխատանքային B խմբի 67-րդ նստաշրջանը: Հայաստանը ներկայացնում է Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։
Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և հավելել, որ օգոստոսին CTBTO-ի ժամանակավոր տեխնիկական քարտուղարության և Հայաստանի Հանրապետության կառավարության համագործակցությամբ Գառնի համայնքում բարեհաջող իրականացվել է Արևելյան Եվրոպայի երկրների ազգային տվյալների կենտրոնների համար նախատեսված տարածաշրջանային աշխատաժողովը։ Հայաստանը հյուրընկալել է 11 երկրի 27 փորձագետի՝ ապահովելով նրանց ինտենսիվ վերապատրաստումն ու գործնական սիմուլյացիոն վարժանքի անցկացումը։ «Աշխատաժողովը կարևոր գործնական հարթակ հանդիսացավ մասնագիտական կարողությունների ամրապնդման, ազգային տվյալների կենտրոնների միջև համագործակցության ընդլայնման, ինչպես նաև CTBT ստուգման համակարգի արդյունավետ կիրառման համար»,- նշել է Սոս Մարգարյանը։
Հիմք ընդունելով այս միջոցառման կազմակերպման ընթացքում ձեռք բերված դրական փորձը՝ Հայաստանի պատվիրակը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել 2028 թվականին կրկին մեր երկրում հյուրընկալելու ազգային տվյալների կենտրոնների հերթական աշխատաժողովը։ Սոս Մարգարյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է աջակցելու աշխատաժողովի կազմակերպմանը և շարունակելու իր ներդրումը CTBTO կազմակերպության կարողությունների զարգացման, ինչպես նաև NDC համայնքի միջև փորձի փոխանակման ծրագրերում։
Միաժամանակ Հայաստանը ակնկալում է կառուցողական քննարկումներ, որոնք կնսպաստեն տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանմանը։
Տեսանյութը՝ այստեղ։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ