ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն

gerbArmenia

Աշխատաժողով՝ նվիրված աղետների ռիսկի նվազեցմանը

Մայիսի 30-ին Աշտարակի քաղաքային մշակույթի տանն անցկացվեց «Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» խորագրով աշխատաժողով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության համակարգմամբ։

Ներկա էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը, ներկայացուցիչներ ՆԳՆ տարբեր ստորաբաժանումներից և մարզային փրկարարական վարչությունից, համայնքապետեր և այլն։

Ողջունելով մասնակիցներին՝ Նարեկ Սարգսյանը նշեց, որ աղետների ռիսկի նվազեցման միջոցառումները մեր իրականության անբաժան մասն են։ Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ պատրաստված ու իրազեկ լինելով՝ հնարավոր է դիմակայել տարբեր բնույթի ճգնաժամերի։ Նման աշխատաժողովներ արդեն անցկացվել են Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում։ Նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու զարգացնել համայնքների կարողությունները՝ խոցելիության նվազեցման և դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։ «Անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է ստեղծել վստահելի, հստակ հաղորդման համակարգեր։ Քաղաքացիները պետք է ժամանակին իմանան՝ ինչ անել արտակարգ իրավիճակում։ Դիմակայունությունը ոչ թե մեկ կառույցի պարտականությունն է, այլ ամբողջ հասարակության։ Մենք չենք կարող կանխել բոլոր ճգնաժամերը, սակայն կարող ենք ամեն ինչ անել դրանք աղետների չվերածելու համար»,- հավելեց մամուլի քարտուղարը։

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանն ուշադրություն հրավիրեց համայնքներում սեյսմիկ վտանգի գնահատման խնդրին։ Խորհրդային տարիներին ՀՀ բնակֆոնդի մեծ մասը նախագծվել է ցածր բալայնության հաշվարկով։ Այժմ մշակվում են ուժեղ երկրաշարժի վերաբերյալ հնարավոր սցենարներ, որոնք կօգնեն համայնքներին ավելի ճիշտ գնահատել իրենց կարողությունները և կազմակերպել բնակչության պաշտպանությունը։ ՍՊՏԾ-ն արդեն գնահատել է Արագածոտնի մարզի երեք համայնքի՝ Ապարանի, Աշտարակի և Թալինի սեյսմիկ ռիսկը։

Ինչ վերաբերում է ջրամբարներին, Սոս Մարգարյանը շեշտեց, որ քաղաքացիական շինարարության համար օգտագործվող քարտեզը չի կարող հիմք հանդիսանալ հատուկ կարևորության օբյեկտ կառուցելու համար։ Պարտադիր մասնագիտական հետազոտություն է պետք՝ տեղանքի իրական սեյսմիկ վտանգը գնահատելու համար։

ՍՊՏԾ սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության պետ Անի Գևորգյանն անդրադարձավ ջրամբարների գրունտային պատվարների կայունության խնդրին։ Երկրաշարժը նույնպես կարող է դրանց խախտման պատճառ դառնալ։ Ոլորտային մասնագետները կատարել են Ապարանի ջրամբարի մեծ պատվարի կայունության գնահատում, մշակել սցենարներ՝ ըստ բնակֆոնդի և բնակչության տվյալների։ Արդյունքում արդեն հնարավոր է պատկերացում կազմել մարդկային ու նյութական կորուստների, պատվարի փլուզման հետևանքների, էկոհամակարգերի խաթարման վտանգի ու գյուղատնտեսական վնասների մասին։

Անի Գևորգյանի խոսքով՝ ոչ պակաս կարևոր է նաև ճգնաժամի ժամանակ իշխանությունների հանդեպ հանրային վստահության նվազեցման հարցը, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Համայնքային մակարդակում կառավարման մասով լուծումները մի քանիսն են՝ պատվարների տարածքում մշտադիտարկման համակարգերի տեղադրում, կառուցվածքային ամրացման ռազմավարության և արագ արձագանքման պլանի առկայություն, տեխնիկական և կառավարչական հարցերում մասնագետների ներգրավում, օրենսդրության փոփոխություններին մասնակցություն։

Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության ուսումնական բաժնի պետ Գոհար Արամյանը ներկայացրեց Հայաստանի ողջ տարածքում սեյսմապաշտպանության թեմայով ուսուցման և իրազեկման միջոցառումները, GIS հիմքով դպրոցների քարտեզը՝ շենքերի վիճակի, անձնակազմի քանակի և այլ տվյալների հասանելիությամբ, ԲՏԱՎ մասնագետների մշակած ուսուցողական գրականությունը, Գառնիի երկրաֆիզիկական դիտարան այցերի արդյունավետությունը՝ որպես ուսուցողական ծրագրի մաս և այլն։

«Շատ ենք կարևորում տարահանման վարժանքներից հետո գնահատման թերթիկների լրացումը, ղեկավար անձնակազմի հետ թերությունների քննարկումը։ Մեծ աշխատանք է տարվում հատկապես դասավանդող անձնակազմի հետ, որը պետք է փոխանցի սեյսմապաշտպանության վերաբերյալ գիտելիքը։ Իսկ մրցութային բնույթ կրող մեր միջոցառումներն իսկական տոն են դառնում երեխաների համար»,- նշեց մասնագետը։

Աշխատաժողովի շրջանակում եղան ելույթներ նաև հետևյալ թեմաներով՝

• Ջրամբարների պատվարների ճեղքմանը նպաստող գործոններ,

• Աղետների ռիսկի կառավարման պլանավորման գործընթացը,

• Հանրային իրազեկման և ճգնաժամային հաղորդակցության մեխանիզմներ, աղետներից քաղված դասեր։


ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ