Զավեն Խլղաթյան․ «Ռիսկը նվազեցնելու գործում յուրաքանչյուրիս ներդրումն էական է»
2024 թվականից մեկնարկել է «Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության մշակում» ծրագիրը՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։ Ծրագրում ներգրավված են ՀՀ ներքին գործերի նախարարությունը, «Սիվիտտա ԷՅԵՄ» ընկերությունը, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամը և RED իտալական ընկերությունը:
Ծրագրի արդյունքների, հեռանկարների ու սեյսմիկ անվտանգության ոլորտում խնդիրների մասին զրույցել ենք ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ, ծրագրի փորձագետ Զավեն Խլղաթյանի հետ։
-Պարո՛ն Խլղաթյան, արդեն տասը տարի Հայաստանում ներդրվել է պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի համակատարող է նաև Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը։ Ի՞նչ արդյունք ունենք։
-Հպարտորեն կարող ենք նշել, որ հանրապետությունում դպրոցների և մանկապարտեզների սեյսմիկ անվտանգության ուղղությամբ տարվող աշխատանքները զգալի են։ Հին շինություններից ձերբազատվում ենք և կառուցում նորերը՝ ժամանակակից չափորոշիչներով, դիզայնից մինչև նոր գույքի տրամադրում։
Կարևոր և լուրջ փոփոխություն էր նաև քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների լիցենզավորման նոր կարգի ընդունումը։ Նախկինում շենք-շինությունների տեխնիկական վիճակի զննման, նախագծման, որակի վերահսկման լիցենզիան տրվում էր անժամկետ, և մասնագիտական կազմի առջև դրվում էին նվազագույն պահանջներ։
Քաջ գիտակցելով ողջ պատասխանատվությունը՝ մենք հասանք նրան, որ այսօր քաղաքաշինության ոլորտի մասնագետն առանձին պետք է ունենա համապատասխան հավաստագիր, համարվի փորձառու և դիպլոմավորված մասնագետ, ունենա որակավորման աստիճան։ Եվ այն կազմակերպությունը, որի համար նա աշխատելու է, միայն 5 տարի ժամկետով է ստանալու արտոնագիր կամ լիցենզիա՝ կախված իր մասնագետների որակավորման աստիճանից։ Այդ հինգ տարում կազմակերպությունը պետք է բարելավի իր կարողությունները, իսկ մասնագետները հավաքեն կրեդիտներ՝ նորից որակավորվելու համար։
Նման խստացված լիազորագրման և լիցենզավորման արդյունքում շատ կազմակերպություններ շուկայից դուրս մնացին։ Սա միանշանակ դրական փոփոխություն էր, որը մյուս կողմից վերհանեց որակավորված մասնագետների պակասը։

- Ասիական զարգացման բանկի հետ համատեղ ծրագրում, որքանով տեղյակ եմ, Ձեր առաջարկով ներառվել է առողջապահական կազմակերպությունների և պետական կառավարման շենք-շինությունների սեյսմիկ ռիսկի գնահատման հարցը։ Ինչու՞ եք սա կարևորել։
- Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, որպես հատուկ և կարևոր օբյեկտներ, հիվանդանոցների վերաբերյալ մենք ունեինք շատ քիչ տեղեկություն։ Նույնիսկ երկրաշարժի 10-րդ տարելիցին նվիրված գրքում որևէ խոսք չկա, թե ինչպես աղետի գոտում կարողացան իրենց դրսևորել մեր հիվանդանոցային համալիրները։
Գրականությունից հայտնի է, որ վիճակն այնքան աղետալի էր, որ հիվանդանոցները կոլապսի էին ենթարկվել թե՛ շենքային պայմանների, թե՛ ինժեներական համակարգերի շահագործման առումով։ Ջրի, էլեկտրաէներգիայի, կապի և այլ խնդիրները բազմաթիվ էին, իսկ տուժածների բուժսպասարկման ամբողջ բեռը դրված էր Երևանի վրա։
Ելնելով այդ հանգամանքից և հաշվի առնելով միջազգային փորձը՝ Հայաստանը, որպես սեյսմավտանգ երկիր, պետք է մեծ կարևորություն տա հիվանդանոցների անխափան և սեյսմաանվտանգ աշխատանքին։ Մի օրինակ բերեմ՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, որն ամենասեյսմավտանգ տարածքն է, գործում են հատուկ օրենքներ հիվանդանոցային հիմնարկների սեյսմիկ անվտանգության ապահովման վերաբերյալ։
-Ներկայումս ի՞նչ փուլում է ծրագիրը։
-Ուսումնասիրվել են հանրապետության հիվանդանոցների շենքային վիճակը, կարողությունները, սեյսմիկ անվտանգության խնդիրները, կառավարության ծրագրերում սեյսմիկ անվտանգության բաղադրիչի առկայությունը։ Վերջնական զեկույցը ներկայացվել է շահագրգիռ գերատեսչություններին։ Մինչև 2030 թվականը մեր կարևորագույն խնդիրներից մեկը օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելն է, որպեսզի կառավարությունն ուղղորդվի դրանցով հրատապ հարցերի լուծման համար։
-Ուսումնասիրության արդյունքում ի՞նչ հիմնական խնդիրներ ի հայտ եկան։
- Այսօր սեյսմակայուն շինարարության գործող ակտերում ամրագրված է, որ հիվանդանոցները չպետք է լինեն երեք հարկից ավելի։ Դա վերաբերվում է նոր նախագծվող շենքերին։ Բայց մենք գիտենք, որ Երևան քաղաքում, որտեղ կենտրոնացված է հանրապետության հիվանդանոցների մոտ 80 տոկոսը, շենքերի գերակշիռ մասն ունի բարձր հարկայնություն, հատկապես՝ 70-ականներից հետո կառուցված հիվանդանոցային մեծ համալիրները Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջաններում։
Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ բարձրահարկ շենքերը խոցելի են սեյսմիկ տեսանկյունից և կարող են ուժեղ երկրաշարժի դեպքում մեծ խնդիրներ առաջացնել։ Հիմք ընդունելով ամերիկյան փորձը՝ ես առաջարկեցի այնպիսի փոփոխություն կատարել, որ նույնիսկ ներկայիս վիճակով, ունենալով մասնավոր և պետական հիվանդանոցներ, կարողանանք որոշակի չափով լուծել սեյսմիկ անվտանգության խնդիրը։
Հիվանդանոցները, անկախ սեփականության իրավունքի ձևից, ենթարկվելու են մեկ օրենքի, այն է՝ պարտադիր է միջոցներ ձեռնարկել շենքային պայմանները սեյսմաանվտանգ դարձնելու համար։ Եթե հիվանդանոցը չունի հնարավորություն, իսկ պետությունը չի կարող աջակցել, ապա փոխվում է տվյալ հիվանդանոցային համալիրի շահագործման ձևը։ Օրինակ՝ հիվանդանոցն այլևս չի ունենում ստացիոնար բուժծառայություն իրականացնելու հնարավորություն և գործում է որպես պոլիկլինիկա։ Սա կխթանի, որ թե՛ սեփականատերը, թե՛ կառավարությունը դոնոր կազմակերպություններից միջոցներ հայթայթեն։
Լուծում կարող է լինել նաև բուժհիմնարկների սեյսմիկ ապահովագրության ներդնումը։
-Ծրագրում ներառված են նաև պետական կառավարման շենքերը։ Ի՞նչ խնդիրներ ունենք այս մասով։
-Խնդիրները նույնն են։ Պետք է հասկանալ, որ աղետի դեպքում վարչական շենքերը ծառայում են որպես կառավարման կենտրոններ, և դրանք պետք է միշտ հասանելի լինեն բնակչության համար։ Լիահույս ենք, որ ծրագրի թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ փուլերում կմշակվեն սեյսմիկ անվտանգության ուղղված համակողմանի միջոցառումներ ու օրենսդրական փոփոխություններ։
Եթե մենք ապագա երկրաշարժներին դիմակայելու համար այսօր ներդրում չանենք, վաղն ավելի մեծ վնաս ենք կրելու, և շենքերի վերականգնումն ավելի է դժվարանալու։ Եթե կառավարությունը սեյսմիկ անվտանգության ուղղված ֆինանսավորման ցուցանիշը թեկուզ 0․5 տոկոսով ավելացնի, մենք կունենան ավելի սեյսմաանվտանգ երկիր։
Ռիսկը նվազեցնելու գործում յուրաքանչյուրիս ներդրումն էական է։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ համացանցից։