ՀՈՂԻ ՈՒ ՋՐԻ ՄԱՐԴԸ՝ ԶԱՎԵՆ ԽԼՂԱԹՅԱՆԸ
Ճարտարագետ, գիտնական Զավեն Խլղաթյանի հյուրն եմ։ Ամեն մանրուք մտածված է՝ աշխատասենյակի մաքրությունը, գրքերի, ամսագրերի ու հավաստագրերի համաչափ դասավորությունը, մուգ կապույտ, վանդակավոր կոստյումը, որն, ինչպես զրուցակիցս է կատակում, հատուկ այս օրվա համար էր պահել։ Թերթում եմ իր հեղինակած հոդվածները, տասնյակ տարիներ խնամքով պահված և փոքր-ինչ խունացած թերթերով ուսանողական տետրերը, որոնցում բարդ մասնագիտական խնդիրներ են։ Այս ամենին նվիրել է ամբողջ կյանքը` տակավին 70-ից 47 տարին։
Խլղաթի գերդաստանը
Զավեն Խլղաթյանը ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Ծովասար (նախկինում՝ Թազագյուղ) գյուղում։ Լեռնային, ավանդական գյուղ է՝ մշեցու դարավոր սովորույթներով, չքնաղ բնաշխարհով, սառնորակ ջրով։
Գյուղի հիմնադիրներից մեկն էլ իր նախնին է եղել՝ Խլղաթը, որը մյուսների հետ 1828 թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո գաղթել է Արևելյան Հայաստան։ Պատմում է՝ պապը՝ Ստեփանը, ռուսական իշխանությունների ձեռքով աքսորվել էր՝ որպես կուլակ, և հայրը՝ Մամիկոնը, ստիպված էր ընտանիքը մենակ պահել։ Երիտասարդ տարիքում ամուսնանում է Վերգինեի հետ, ունենում 2 որդի։ Պատերազմն ընդհատում է զույգի խաղաղ կյանքը։ Մամիկոնը կռվի դաշտում վիրավորվում է, վեց ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո վերադառնում հարազատ գյուղ և ունենում ևս 9 զավակ։ Մեծ գերդաստանով սեղան նստելու երազանքն իրականություն է դառնում։ Մամիկոնը դաշնակ էր, խստապահանջ ու աշխատասեր մարդ։
Սիրում էր գրքեր կարդալ։ Այնպես էր ստացվել, որ «կոլխոզի» տարիներին Խլղաթյանների տունը գյուղի ակումբի կողքին էր, որտեղ մարդիկ հավաքվում էին, մտքեր փոխանակում, քննարկում կենտրոնական ռադիոյով հաղորդվող նորությունները։ Ձեռքից ձեռք էին անցնում թերթերը, որոնք միայն Մամիկոնի ընտանիքն էր ստանում։
Խլղաթյանների բազմանդամ տանն ամեն մեկը հստակ գիտեր իր դերը։ Մեծը մեծ էր, փոքրը՝ փոքր։ Տան հայրն իր ձեռքերով էր կառուցել այդ տունը, քարե շարվածքով, գյուղի միակ «կռիշով» տունը, որի սենյակներից մեկը մեծ որդին՝ Ժորան, դասարանի էր վերածել պարապմունքների համար։ Այդ կրթական միջավայրը, տարբեր մարդկանց հետ շփումը, գրքի ջատագով քեռու ազդեցությունը մեծ դեր խաղացին Զավեն Խլղաթյանի կյանքում։
Նկատում եմ՝ հայրական տան մասին հիշելիս զրուցակցիս աչքերում արցունք է հայտնվում։ Ասում է՝ մեծ դժվարությամբ են վերականգնել պապական տունը և նրա կառուցած, արդեն խարխուլ եկեղեցին, որը խորհրդային տարիներին ծառայել էր որպես պահեստ ․ «Եթե անգամ առիթ չի լինում, գնում եմ գյուղ, շրջում հանդերով, թիկնում խիտ ծառերի հովին, որոնք եղբայրներս են տնկել։ Ճիշտ է՝ գյուղս դավաճանեցի, ուրիշ տեղում հողակտոր գնեցի (ծիծաղում է, հեղ․ ), բայց շարունակում եմ նույն գործը՝ թոռներիս սովորեցնում եմ ծառ տնկել։ Ուզում եմ՝ նրանք էլ ինձ պես սիրեն իրենց հողն ու ջուրը»։

Համարձակությունը տվեց իր արդյունքը
«Հայրս մի սկզբունք էր դրել, որ գյուղի ծանր աշխատանքն իր երեխաների համար չէ․ նրանք պետք է կրթություն ստանան։ Մեծ եղբայրս՝ Ժորան, մաթեմատիկայի և ֆիզիկայի ուղղությամբ բարձրագույն կրթություն ուներ։ Ես դպրոցն ավարտեցի գերազանցությամբ և քանի որ երկու օլիմպիադայում առաջատար էի եղել, ուզում էի Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ ընդունվել»,- պատմում է զրուցակիցս։
Խլղաթյան ընտանիքում արդեն կային մաթեմատիկ, բժիշկ և գյուղատնտես։ Ժորան որոշում է, որ Զավենը պետք է շինարար դառնա։
Ընդունվում է Երևանի Կարլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետ, բայց շուտով հասկանում, որ գծագրությունն իրենը չէ։ Դասախոսական խորհրդի ուղեգրով՝ գերազանցությամբ ավարտած ինժեներ-շինարարը 1978 թվականին աշխատանքի է անցնում Ճարտարապետության և շինարարության գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես Սեյսմակայունության տեսության լաբորատորիայի ինժեներ։ Այդ տարիներին նա Երևան քաղաքում իրականացնում է տարբեր շենքերի ինժեներասեյսմամետրական կայանների նախագծման աշխատանքներ։
Ընտանիքն ակնկալում էր, որ որդին կվերադառնա մեծ քաղաքից և կզբաղվի հարազատ գյուղի շենացմամբ։ Այնինչ նրանց անակնկալ էր սպասվում։ Գումարվում է ընտանեկան «խորհուրդ», որին ներկա էին ծնողները, գյուղում տարբեր պաշտոնների հասած եղբայրները, նույնիսկ ընտանիքի բարեկամը՝ «տրեստի» կառավարիչը։ Զավենը մեծահասակներից «խոսք է վերցնում» և հայտարարում, որ ցանկանում է ուսումը շարունակել Մոսկվայում։ Մայրը՝ Վերգինեն, մտավախություն ունենալով, որ նա էլ չի վերադառնա հայրենիք, պայման է դնում՝ իր համաձայնությունը կտա միայն այն դեպքում, եթե Զավենն ամուսնանա։ «Փակ» բնավորությամբ որդին հարսնացու ընտրելու գործը վստահում է մորը։
Ընտանի՞ք, թե՞ կարիերա։ Մոսկվայում ուսանելու տարիներին Զավեն Խլղաթյանը շատ է բախվել այս բարդ ընտրությանը։ Հիշում է՝ դստեր ծնվելուց առաջ իր գիտական ղեկավարից թույլտվություն էր խնդրել մեկ շաբաթով վերադառնալ Հայաստան։ Նա էլ պնդել էր, որ ասպիրանտի բացակայության գումարն իր աշխատավարձից են պահելու։ «Կինս ծննդաբերեց, և ես չկարողացա կողքին գտնվել, հայր դառնալու հաճույքը զգալ։ Երբեմն, երբ կնոջս հետ քննարկում ենք՝ արդյոք ճի՞շտ էր իմ արածը, նա լիովին արդարացնում է որոշումս։ Ոչինչ պատահական չի լինում»,- մեղմ ժպտում է բազմափորձ մասնագետը։

Հայ գիտնականը «նվաճում է» Մոսկվան
Դեռ 1980-ականներին՝ Սեյսմակայունության տեսության լաբորատորիայում աշխատելու ժամանակ, շատերը նկատում էին Զավեն Խլղաթյանի՝ որպես տեսաբանի բացառիկ ընդունակությունները։ Հաշվարկներն ու փորձարկումները նրա տարերքն էին։ Ռուսերենի վատ իմացության պատճառով երկմտում էր՝ արդյոք կարո՞ղ է գլուխ բերել ուսումը Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտում։
Ընդունելության փաստաթղթերը հանձնելիս ներկայացրել էր նաև մի բարդ ու կարևոր խնդրի լուծմամբ իր անհատական աշխատանքը։ Պրոֆեսորներից մեկը հիացել էր հայ դիմորդի հնարամտությամբ։ Այդ մարդը ԽՍՍՀՄ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր-պրոֆեսոր Բորիս Կորենևն էր, որը մեծ դեր խաղաց Զավեն Խլղաթյանի մասնագիտական զարգացման գործում։ «Ինչպիսի հոգեբան և մեծատառով մարդ պետք է լինել՝ հասկանալու համար, որ դիմացինդ գիտելիք ունի, սակայն ազատ արտահայտվել չի կարողանում։ Երեք պրոֆեսորներից հենց նա առաջարկեց իմ քննությունը սկսել խնդրի լուծումով»,- հիշում է երախտագիտությամբ։
Եվ որքան մեծ էր զարմանքն ու ուրախությունը, երբ պրոֆեսորն անձամբ մոտենում է դիմորդներին և դժվարությամբ արտաբերում հայկական «Խլղաթյան» ազգանունը՝ որպես խնդիրը գերազանցությամբ լուծած մեկին, ում հետ ցանկանում է հետագայում աշխատել։ Հասկանալով, որ «Պատմություն» առարկայից ռուսերեն լեզվով հաջորդ քննությունը կարող է խաչ քաշել երիտասարդ ինժեների կարիերայի վրա, Կորենևը միջնորդում է նաև այդ հարցում։ Հետագայում հայ ասպիրանտը բազմիցս ապացուցում է իր տեղն ու դերը ինստիտուտում և գերազանցությամբ պաշտպանում «Աշտարակային կառույցների և զանգվածային հիմքերի տատանումների մարման համակարգերի հաշվարկների վերաբերյալ» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։
Դասախոս-ասպիրանտ կապը վերափոխվում է իսկական բարեկամության, գիտության շուրջ բուռն քննարկումների, գրադարանում միասին անցկացրած երկարատև ժամերի։
Զավեն Խլղաթյանը պատվեր է ստանում Անդրկովկասի զինվորական հրամանատարությունից՝ ստուգելու 970 մ3 ռեզերվուարների սեյսմակայունությունը։ Բորիս Կորենևը նրան խորհուրդ է տալիս վերադառնալ Մոսկվա՝ համատեղ կատարելու դինամիկական մարիչների ներդրման աշխատանքներ, սակայն հայ ինժեներին համբավ բերած ռեզերվուարների սեյսմակայունության գնահատման պատասխանատու աշխատանքը, այնուհետև՝ Սպիտակի երկրաշարժը դառնում են այն բեկումնային կետը, որից հետո նա վերջնականապես վերադառնում է Հայաստան։ Իսկ դինամիկ մարիչների նախագծման և կիրառման հարցերը շարունակում է ուսումնասիրել առայսօր։

Սպիտակի երկրաշարժը՝ որպես գիտական իրադարձություն
Իհարկե Սպիտակի երկրաշարժը մեծ աղետ էր Հայաստանի համար, սակայն Զավեն Խլղաթյանի խոսքով՝ ինժեներիայի և սեյսմիկ շինարարության ոլորտներին այն արժեքավոր և շոշափելի գիտելիք տվեց։ Ասում է․ «Ես կարողացա գործնականում կիրառել այն գիտական հիմքերը, որոնք ժամանակին ապացուցել էի»։ Մասնագետը երկար ժամանակ աղետի գոտում ղեկավարել է Ճարտարապետության և շինարարության գիտահետազոտական ինստիտուտի կողմից ձևավորված արագ արձագանքման խմբերից մեկը։
Խումբը հանձն էր առել Լենինական քաղաքի մեծ թաղամասերից մեկի շենքերի նախնական հետազոտությունը, կազմել հաշվետվություններ, որոնց հիման վրա փորձառու մասնագետը քարե և կարկասային շենքերի ուժեղացման թեմայով երկու միջազգային մրցույթում ֆինանսավորում ստացավ։ Հպարտությամբ նշում է՝ իր համար երկրաշարժի գոտում կատարած հետազոտությունները մեծ ձեռքբերում են։
Հետագայում, լինելով «Պրոգրես միավորում» կազմակերպության վարիչ և վարչության պետ տեղակալ, նա բոլոր ջանքերն ուղղում է ոչ միայն Լենինական, այլև մյուս խոշոր քաղաքների և գյուղական համայնքների շենքերի հետազննությանը, վերականգնմանն ու վերակառուցմանը։ Նախագծման և հետազոտության աշխատանքները շարունակում է նաև իր հիմնած «Եռանկյունի» փակ բաժնետիրական ձեռնարկությունը:
Իմ թիմն իմ թիկունքն է
թյան կենտրոնի (ներկայումս՝ ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ, կառուցվածքների սեյսմակայունության վարչություն) պետի պաշտոնում։ 25 տարի շարունակ ղեկավարում է իրեն վստահված կառույցը նույն սիրով և պատասխանատվությամբ։
Իր թիմն իր թիկունքն է։ Միասին տասնյակ հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիություն են գնահատել։ Դրանց թվում են «Որոտան», «Շամբ» և «Սպանդարյան» հիդրոէլեկտրակայանները, «Զվարթնոց» օդանավակայանը, Գիտությունների ազգային ակադեմիայի «Ա.Բ.Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի» շենքը, Վանաձորի քիմիական կոմբինատը, Արարատի ոսկու գործարանը, Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը, Երևանի և Արմավիրի կոնյակի գործարանները, «Էրեբունի» և «Արմենիա» բժշական կենտրոնին պատկանող շենքերը և այլ կառույցներ։
Իր մասնագիտական կարիերայում մեծ դեր ունի հատկապես Զվարթնոց միջազգային օդանավակայանը։ 2001 թվականին օդանավակայանը ձեռք բերած արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը խնդիր դրեց գնահատել և բարելավել կառույցի սեյսմակայունությունը։ «Փաստացիորեն օդանավակայանի գնահատումն ավելի բարձր չափանիշներ էր իր մեջ ներառում, քան թույլ էին տալիս Հայաստանի գործող շինարարական նորմերը։ Սա մտածելու տեղիք տվեց մեր սեյսմիկ անվտանգության խնդիրների մասին։ Կարծեմ 2018 թվականն էր, երբ Ստամբուլում մասնակցեցի սեյսմակայուն շինարարությանը նվիրված միջազգային գիտաժողովին։ 2 հոդվածներից մեկը նվիրված էր հենց «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի սեյսմակայունության գնահատմանը»,- վերհիշում է Զավեն Խլղաթյանը։
Նրա ղեկավարած վարչությունն այսօր համագործակցային կապեր է ստեղծել տարբեր երկրների հետ՝ Ճապոնիա, Մակեդոնիա, Իտալիա, Ռուսաստան և այլն։ Երիտասարդները մասնակցում են փորձի փոխանակման բազմաթիվ ծրագրերի, տպագրում գիտական հոդվածներ միջազգային ամսագրերում։
Վերջին 10 տարիները խորհրդանշական են Հայաստանում սեյսմակայուն շինարարության ոլորտի զարգացման համար։ Ներդրվել են մի շարք ծրագրեր, որոնց շրջանակում իրականացվել են հանրապետության տիպարային դպրոցների տարանջատում, դասակարգում և տվյալների բազայի հավաքագրում, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված տարբեր միջոցառումներ, մայրաքաղաք Երևանի և մյուս խոշոր քաղաքների սեյսմիկ ռիսկի գնահատում, Երևան քաղաքի ողջ բնակֆոնդի քարտեզագրում, Հայաստանի ենթակառուցվածքների սեյսմիկ խոցելիության գնահատում, ոլորտը կարգավորող նորմատիվ փաստաթղթերի վերանայում և վերախմբագրում։ Արդյունքում ձևավորվել է գիտական հենք ունեցող տեսլական՝ ինչպես դիմակայել ապագա երկրաշարժերին և մեղմել դրանց հետևանքները։

Սերունդների երկխոսությունն անխուսափելի է
Արդյոք ժամանակը չէ՞ կուտակած փորձը սերունդներին փոխանցելու՝ հարցնում եմ․ «Համագործակցում եմ Պոլիտեխնիկական համալսարանի հետ, մասնակցում գիտաժողովների ու քննարկումների։ Անցյալ տարի փորձ արեցի դասախոսություն կարդալ, սակայն ուսանողների շրջանում քիչ հետաքրքրություն տեսա։ Ցավով եմ նշում, որ այսօրվա կրթական ծրագրերն ինձ չեն բավարարում, և մենք մասնագետի պակաս ունենք»։
Նկատում եմ՝ բավականին խստապահանջ է։ Ժպտալով վստահեցնում է, որ իր թիմում աշխատանքի ընդունելիս միայն երկու պահանջ է դնում՝ գիտելիքը և առողջ միջավայր պահպանելը։ Ամեն մեկը պետք է իմանա իր անելիքը և որակյալ արդյունք տա։ «Թոռներս երբեմն բողոքում են, թե իրենց քիչ եմ ժամանակ հատկացնում։ Կցանկանայի թոշակի գնալ, վայելել իմ ծերությունը, բայց զգում եմ, որ դեռ երիտասարդ սերնդին մեծացնելու կարիք կա»,- ասում է Զավեն Խլղաթյանն ու հավելում՝ իր հերթին պատրաստ է նրանցից ամեն օր նոր բան սովորել։
Միայն թե ձեռագիր նամակագրությունից հրաժարվելն անհնար է։ Մինչև մտքերը թղթին չհանձնի, լիովին արտահայտվել չի կարող։ Ինչ խոսք, երիտասարդներն օտար լեզուների հարցում առաջին օգնականն են։
Աշխատանքից դուրս իր ուրախությունը փոքրիկ թոռներն են, որոնք լրջորեն պապիկի հետքերով են գնում։ Ուսումնասիրում են ֆիզիկա և մաթեմատիկա, երազում գիտությամբ զբաղվել։
Հ․Գ․ Մի հարցում երկուսս էլ համակարծիք ենք՝ հանգստյան օրերն ընտանիքինն են։ Հենց այս միջավայրում է գտնում պարզ, մարդկային անկեղծությունը, որն այսօր պակասում է բոլորին։ Հարցազրույցի ավարտին հասցնում եմ վերջին անգամ թաքուն չխկացնել 70 տարին բոլորած ալեհեր, վանդակավոր ու կոկիկ կոստյումով, արտաքինից խստաբարո, բայց փափուկ սրտով Զավեն Խլղաթյանին։ Նրա գլխավերևում երջանկահիշատակ հոր՝ Մամիկոն Խլղաթյանի լուսանկարն է, որն իր պատվավոր անկյունն ունի այս սենյակում։ Իսկ թե ինչպես է խորհրդային տարիներին անվանի լրագրողը որսացել Ծովասար գյուղի նվիրյալ վարպետի դիմանկարը, արդեն ուրիշ պատմություն է։

Զրույցը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ