2025 թվական՝ նոր ծրագրերի և ձեռքբերումների տարի
2025 թվականը կարելի է համարել սեյսմիկ անվտանգության ոլորտում բարեփոխումների տարի։
Ուսուցման և իրազեկման հարյուրավոր միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության շրջանում սեյսմապաշտպանության գիտելիքի ամրապնդմանը, մի շարք կարևոր տեղական ու միջազգային համագործակցային ծրագրեր, որոնց շնորհիվ քայլ առ քայլ լուծվում են Հայաստանում սեյսմիկ անվտանգության խնդիրները։
Ներկայացնում ենք 2025 թվականին ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կատարած աշխատանքն ու ձեռքբերումները՝
📍 Թողարկվել է ծառայության www.nssp.am պաշտոնական կայքէջը, որի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեղեկանալ մեր գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին։
📍 Լրամշակվել է «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
📍 Հյուրընկալել ենք Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդին, ում հետ քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք տարածաշրջանային աշխատաժողովի հարցերը։

📍 Հայաստանի սեյսմոլոգիական ցանցն ընդգրկվել է Թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիա (International Federation of Digital Seismograph Networks (FDSN) համաշխարհային կազմակերպության հարթակում։
📍 Կնքվել է համագործակցության հուշագիր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ։ Որպես վերջնարդյունք՝ մշակվելու են սեյսմապաշտպանության թեմայով տեղեկատվական և մեթոդական ուղեցույցներ։
📍 Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մշակվել են երկրաշարժից պաշտպանվելու ուղեցույցներ հանրային տրանսպորտի վարորդների և ուղևորների համար, որոնք QR ձևաչափով արդեն փակցվել են մայրաքաղաքի հանրային տրանսպորտի բոլոր միջոցներում։
📍 ՆԳՆ և ՍՊՏԾ մասնագետների համատեղ ուժերով ստեղծվել է 2 անիմացիոն հոլովակ` առաջին անհրաժեշտության իրերով պայուսակի և երկրաշարժի ժամանակ հանրային տրանսպորտում գործելու վարքականոնների մասին։
📍 Թարմացվել են ուսուցողական գրքույկներն ու տեղեկատվական պաստառները, որոնք նախատեսված են բնակչության լայն շրջանակի համար։
📍 Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները վերապատրաստվել են և այսուհետ համայնքներում իրականացնելու են իրազեկում-քննարկում՝ ջրամբարների պատվարների անվտանգության վերաբերյալ։
📍Ծառայության մասնագետները զեկույցներ են ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարության համակարգմամբ իրականացվող «Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» խորագրով աշխատաժողովի բոլոր հանդիպումների ժամանակ։
📍 Կառուցվածքների սեյսմակայունության վարչության մասնագետները պետական ծրագրի շրջանակում հետազննել են Երևանի և մարզերի 41 վթարային շենք։

📍 Ստեղծվել է GIS հենքով տվյալների բազա, որում ներառված են հանրապետության բոլոր դպրոցները։
📍 Ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցության շրջանակում և մեր մասնագետների ուժերով շարունակվում են դիտացանցի արդիականացման աշխատանքները։

📍 Դպրոցների հետ համատեղ իրականացվել են երկրաշարժի թեմայով նախագծային աշխատանքներ։
📍 Մեկնարկել են «Սեյսմիկ ծառայության օրագիր» և «Սեյսմիկ ծառայության ավագ սերունդը» խորագրերով հաղորդաշարերը։
📍 Ծառայության մասնագետները մասնակցել են ԱՌՆ ոլորտում փորձի փոխանակման միջազգային ծրագրերի։
📍 Տեղադրվել են ցուցանակներ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի ճանապարհին, ինչը հեշտացրել է այցելուների տեղաշարժը։

📍 ՍՊՏԾ մասնագետները մասնակցել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախաձեռնությամբ իրականացվող փորձի փոխանակման առցանց սեմինարներին։
📍 Երիտասարդ մասնագետները վերապատրաստվել են Ճապոնիայում և Ավստրիայում։
Տարեկան պլանով նախատեսված ուսուցման և իրազեկման, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն իրականացվել են ժամանակին և պատշաճ կերպով։
2026 թվականը նույնպես խորհրդանշական է, քանի որ մեկնարկելու է ազգային դիտացանցի արդիականացման առաջին փուլը պետական և ներդրումային ֆինանսական միջոցներով։ Սա հնարավորություն կտա երկրաշարժերի գրանցման և մոնիթորինգի աշխատանքները դարձնել ավելի արդյունավետ և ճշգրիտ։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ